Բանաստեղծություններ՝ փոքրիկների համար  

բանաստեղծություններ

ՏԵՐԵՎԱԹԱՓ


― Ա՛յ փոքրիկներ, ա՛յ սիրուններ
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին:
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ
․․․
Տերևները հենց լսեցին,
Նախշուն-նախշուն գույներ հագան,
Սվսվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան:

 ---

ԳԵՏԱԿԸ


— Ո՞ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՛յ դո՜ւ կայտառ,
Սիրուն գետակ,
Կանգ առ, խաղանք
Էս ծառի տակ:
«Չէ՜, փոքրիկս,
Գնամ պիտի.
Տես՝ ջաղացը
Գյուղի մոտի.
Պետք է ուժ տամ,
Որ պտտի:
Ցածն էլ հովտում
Անուշահոտ
Ինձ են մնում
Ծաղիկ ու խոտ,
Հոգնած-ծարավ
Տավարն ու հոտ:
Սառն աղբյուրը
Բարձր սարի
Դրանց համար
Է ինձ տալի,
Իր զով ջուրը
Կլնլալի:
Իսն Կամուրջի
Տակն էլ որ կա,
Կալվացքը
Պառավ կնկա,
Պետք է լվամ
Քանի լույս կա:
Դե՛, տեսնո՞ւմ ես.
Մնա՜ս բարով.
Ճամփաս ցանած
Հազար գործով,
Դադար չունեմ
Ես մինչև ծով»:

---

ԳՐԻՉ


Ի՞նչ կլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին,
Իսկ իմ ձեռքին խազմզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,
Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լսում, լսում,
Ճռճռում է ու խազմզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։

 ---

ՔԱՄԻՆ

 


― Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ
․․․
Քամին է, քամին,
Տես անզգամին,
Բերան չունի՝ փչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քշում է։
Կորի դու, քամի,
Անպիտան քամի,
Մի վախի, ջանիկ,
Փեշս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։