Անգլիական բանաստեղծություններ փոքրիկների համար

բանաստեղծություններ

Քամի

 

Քամի, քամի, այ քամի,

Քեզ անձրևը ի՞նչ կանի,

Կանաչ դաշտում դու խաղա,

Աղացն ալյուր թող աղա,

Որ ալյուրից սպիտակ

Տատը թխի կարկանդակ:

 

Հսկան

Կար մի հսկա մեր գյուղում, 

Շատ էր սիրում կերուխում:

Ախ, անիծվեր այդ օրը,

Կրակն ընկել էր փորը,

Կուլ էր տվել մեր հսկան

Մի չաղլիկ մուկ ճստճստան,

Մուկն էլ սոված ու ծարավ՝

Կուշտ փորի մեջ քեֆ արավ:

Հսկան ցավից մղկտաց

 Ու բժշկի մոտ գնաց:

-Մի տրտնջա այդքան խիստ, -

Ասաց բժիշկը հանգիստ, -

Թե որ կուլ տաս մի կատու՝

Կառողջանաս իսկույն դու:

 

Մոմը

Նա մի քնքուշ

Աղջիկ է,

Հագին ճերմակ

Շապիկ է,

Քիթը կարմիր

Ծաղիկ է:

Ինչքան գիշերն 

Երկարի.

Այնքան արագ

Կմարի

Ճերմակ աղջիկն

Այդ բարի:

 

Կատվի ձագերը

Երեք փոքրիկ կատուներ

Մի օր տնից դուրս եկան,

Ոչ ման գալու գնացին, 

Ոչ էլ խանութը՝ ձկան:

Նրանք տնից դուրս եկան, 

Որ գտնեին կովի կաթ,

Եվ կովի կաթը գտան

Ձագուկները չալ ճակատ:

Իսկ որտեղի՞ց կաթն անուշ

Կատվի ձագերը գտան:

Գտան՝ երբ որ մեր բակի

Մանկապարտեզը մտան:

Թարգմանությունը՝ Հենրիկ Սեւանի