Մի բաց նամակ ամենքին
Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկըվել է մի թիզ ձյունով.
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ է տեսել էս տեսակ սով.
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ...
Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,
Աստծու սիրուն, մի կըտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։
Շուտով կըգան օրեր գարնան,
Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,
Ու փոխարեն ձեր լավության
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կըմաքրենք մենք թըրթուրներից,
Ճիճուներից ու որդերից.
Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։
Մի խումբ ծտերի կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան
Հովհաննես Թումանյան
Հիշողություն
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Ղազարոս Աղայան
Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:
Ղազարոս Աղայան
Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
- Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
-Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
- Այո՛, այո՛:
Ղազարոս Աղայան