Բանաստեղծություններ փոքրիկների համար

բանաստեղծություններ

Փոքրիկի խրատը

Այ ժամացույց, ժամացույց,

Դու չե՞ս հոգնում խոսելուց,

Մի բերան հենց`տիկ, հա տիկ,

Բա դու չունե՞ս մի տատիկ,

Որ քեզ ասի. -

Սուս արա,

Գլուխներս դու տարար:

Հերիք խոսես ու շարժես

Սլաքներ ու ճոճանակ,

Քո չափ թե որ ես խոսեմ,

Տատն ինձ կասի.

- Չաչանակ:

Գուրգեն Գաբրիելյան

 

Ճպուռն ու մրջյունը

Թռի-վռի

Մի ճպուռ,

Ողջ ամառը

Շուռ ու մուռ,

Երգեց, ճռռաց.

Ճռճռաց:

Մին էլ, ըհը՜,

Ձմեռը,

Փռեց իրա

Թևերը.

Բացեց գորգը

Սպիտակ,

Դաշտերն առավ

Ձյունի տակ:

Անցան պայծառ օրերը,

Էլ ո՞ րն ասեմ,

Էլ ո՞ րը,

Երբ ամեն մի

Թփի տակ

Թե սեղան կար,

Թե օթյակ:

Եկան օրեր

Ցրտաշունչ,

Ճպուռն ընկավ

Լուռ ու մունջ.

Քաղցած փորին

Էլ ի՜նչ երգ,

Ցուրտը տարավ

Ոտ ու ձեռք:

Զընգր-զընգր

Դողալով,

Ծանր-ծանր

Սողալով

Նա մրջյունին

Ասում էր.

- Գլխիդ մատաղ,

Սանամե՛ր,

Մի ճա՛ր արա

Շունչ առնեմ,

Ցրտից, սովից

Չմեռնեմ:

Կերակրի՛,

Տաքացրու՛,

Մինչև գարուն

Ապրեցրու:

- Ի՜նչ խաբար է,

Սանիկս,

Զարմանում եմ,

Ջանիկս,

Չաշխատեցի՞ր

Ամառը,

Ասա՛, ինչ էր

Պատճառը:

- Էդպես բանի,

Սանամե՛ր,

Էլ ժամանակ

Ո՞ վ ուներ.

Էն խոտերում

Բուրավետ

Երգում էինք

Մերոնց հետ...

- Ուրեմն դու՞ ...

- Այո՛, ես

Ողջ ամառը

Դեն ու դես

Երգում էի

Մշտապես:

- Երգո՞ւ մ էիր...

Շատ բարի,

Այժմ էլ բռնի

Վեր-վերի,

Քամին ծափ տա,

Դու պարի՛:

Աթաբեկ Խնկոյան

 

Փաթիլը

Ամպիկ է ծնել արփին,

Ամպիկն էլ՝ կաթիլ,

Կաթիլը պաղել ճամփին՝

Դարձել է փաթիլ: 

-Ե'կ, իջի'ր իմ ջերմ ափին,

Երկնային փաթիլ:

-Քո ափի տաքից, Արփիկ,

Կդառնամ կաթիլ:

Ձմեռ է, ցուրտ է կարքին -

Ձյունը փաթիլ-փաթիլ

Իջնում է իմ տաք ափին

Ու դառնում կաթիլ:

Հենրիկ Բաբաջանյան