Քամի
Քամի, քամի, այ քամի,
Քեզ անձրևը ի՞նչ կանի,
Կանաչ դաշտում դու խաղա,
Աղացն ալյուր թող աղա,
Որ ալյուրից սպիտակ
Տատը թխի կարկանդակ:
Կատուն
Շունը տունն էր հավաքում,
Այծը՝ սրինգ նվագում,
Փոքրիկ մեղուն ծառի տակ
Նորոգում էր մի փեթակ,
Կատուն՝ թողած բան ու գործ,
Շտապում էր խոհանոց:
Գառնուկը
Ա՛յ իմ գառնուկ,
Խելոք ու հեզ,
Դու քանի՞ պարկ
Բուրդ կտաս մեզ:
-Ձեզ բուրդ կտամ՝
Ինչքան կուզեք,
Բայց թե հիմա
Ինձ մի՛ խուզեք:
Հսկան
Կար մի հսկա մեր գյուղում,
Շատ էր սիրում կերուխում:
Ախ, անիծվեր այդ օրը,
Կրակն ընկել էր փորը,
Կուլ էր տվել մեր հսկան
Մի չաղլիկ մուկ ճստճստան,
Մուկն էլ սոված ու ծարավ՝
Կուշտ փորի մեջ քեֆ արավ:
Հսկան ցավից մղկտաց
Ու բժշկի մոտ գնաց:
- Մի տրտնջա այդքան խիստ, -
Ասաց բժիշկը հանգիստ, -
Թե որ կուլ տաս մի կատու՝
Կառողջանաս իսկույն դու:
Փոխադրությունը՝ Հենրիկ Սեւակի