Բանաստեղծություններ, որոնք հեշտությամբ կսովորեն փոքրիկները

բանաստեղծություններ

ԻՄ ՏԻԿՆԻԿԸ

 

Տիկնիկ ունեմ՝ շատ խելացի, 

Թողնեմ մենակ՝ նա չի լացի: 

Ուր էլ տանեմ ցրտին, շոգին, 

Ինչ էլ անեմ՝ չի բողոքի:

Բայց տխրում եմ ու ափսոսում, 

Որ լռում է ու չի խոսում: 

Հաց եմ տալիս, ջուր եմ տալիս, 

Նայու՜մ, նայու՜մ, մոտ չի գալիս, 

Տանջող մի հարց մտքիս մեջ է. 

Ինքն էլ ինձնից գո՞հ է, թե՞ չէ:

  

***

 

Փոքրի՛կ մեղու, ջա՛ն մեղու, 

Ի՞նչ ես նստել քո տեղում, 

Արև ծագեց, վե՛ր կաց, վե՛ր, 

Շարժիր մանրիկ քո թևեր, 

Շուտով դուրս ես թռչելու, 

Ծաղկեծաղիկ շրջելու, 

Որ գաս բեռ ու բզզոցով, 

Նեկտար անես մեղրի ծոր: 

 

***

Անուշ բալիկ, դու ջուր բեր, 

Փլավ եփեմ, նստի, կեր: 

-Չէ՛, չեմ կարող, տատի՛կս, 

Շատ է ցավում թաթիկս: 

-Անու՛շ բալիկ, արի՛ կեր 

Քաղցր բլիթ, կաթի սեր: 

-Հիմա կգամ, տատի՛կս, 

Լավանում է թաթիկս... 

 

***

 

Է՜յ, արտուտիկ, 

Կարմրատոտիկ, 

Քո կտուցին՝ 

Կանաչ խոտիկ, 

Ման ես գալիս

Արտին մոտիկ: 

Դու մի՛ քայլիր 

Բոբիկ, բոբիկ, 

Որ փուշ չառնի 

Քո բաց տոտիկ:

 

 

ՔԱՄԻ

 

Քամի, քամի, դու  ահեղ, 

Էն  երկնքի ամպերը 

Հալածում ես ամեն տեղ, 

Ալեկոծում ծովերը 

Ու տարածում սար ու ձոր 

Քո անուշիկ հովերը: 

 

Արտաշես Յավրյան