Աղվեսը

բանաստեղծություններ

Աղվեսն եկավ մութ անտառից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ:

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պըտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կըտըրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ:

Աղվեսն ասավ պառավ տատին.
«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թըմբլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ:

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծըռել վըզին,
Աչք է գցել մեր խորոզին…
Էս գող աղվեսն, ագին ծաղիկ:

Մին էլ կանչեց տատըս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գըլխիս էս ինչ փորձանք բերավ
Անտեր աղվեսն, ագին ծաղիկ:

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կու գային գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դարուփոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ:

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտքերդ կարճ ու խիստ վազան,
Շըներն ամեն քեզ չհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ:

 

Հովհաննես Թումանյան