Արագի՛լ, բարով եկար,
Հայ արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։Արագի՛լ, երբ գնացիր,
Դու մեզանից երբ գնացիր,
Հա՜ փչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։
Արագի՛լ, բարով եկար,
Հայ արագի՛լ, բարով եկար:
Բունդ շինիր էն հին ծառին,
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։
Հովհաննես Թումանյան