Հագուստի պատիվը․ առակ

Առակներ

Մի թագավոր իր զորքով ճանապարհ էր գնում։ Նա երկու սուրբ հայրերի տեսավ՝ ամբողջովին մաշված ու քրքրված հագուստով։ Թագավորն իջավ նժույգից, ակնածանքով խոնարհվեց նրանց առաջ և համբուրեց նրանց ձեռքերը: Զորավարներն սկսեցին տրտնջալ ու դժգոհել, թե թագավորն իր մեծամեծներին պատիվ չի տալիս, չնչին և անարգ մարդկանց մեծարում է:

Թագավորի ականջին հասան այս բամբասանքները: Նա հրամայեց չորս արկղ պատրաստել: Երկու արկղերն անշուք էին ու կեղտոտ: Սրանց մեջ թագավորը ոսկի և մարգարիտ լցրեց: Մյուս երկուսը պերճ զարդարված էին և նախշված: Դրանց մեջ նա աղբ ու ավազ լցրեց:

- Գնահատեք և ընտրեք այս արկղերից որը ցանկանում եք,- ասաց թագավորն իշխաններին:

Նրանք առանց երկմտելու մատնացույց արին շքեղ արկղերը: Վրա ընկան, բացեցին, իսկ դրանք լցված էին աղբով:

- Այդպես կսխալվեք, եթե զարդարուն հագուստին պատիվ տաք և չտեսնեք հոգու աղտեղությունը: Այն մարդիկ, որոնց դուք արհամարհեցիք, արտաքուստ աղտեղի էին, իսկ ներքուստ ճոխացած էին բազում շնորհներով,- ասաց թագավորը:

 

 

Հեղինակ՝ Վարդան Այգեկցի