Կապիկը և ոլոռը․ առակ

Առակներ

Կապիկը երկու բռով ոլոռ էր տանում։ Հանկարծ ոլոռի մեկ հատիկ ընկավ գետնին և գլորվեց:

Կապիկը ցանկացավ վերցնել գետնին ընկածը, կռացավ, ու հենց այդ պահին ափի միջից թափվեց ևս քսան հատ ոլոռ։ Նա շփոթվեց, շտապեց հավաքել դրանք, երբ ձեռքից թափվեց ամբողջը: Կապիկը շատ բարկացավ, ցրեց այս ու այն կողմ ոլոռները և  փախավ։

 

Տվյալ առակը խորը իմաստ ունի: Հեղինակը, նախ, ցույց է տալիս մեզ միայն մեկ դրվագ հերոսի կյանքից, որտեղ նա, ընկնելով մեկ ոլոռի  հետևից,  մնում է ձեռնունայն։  Դրվագը մեկն է, կյանքը` ևս: Շատերն էլ հաճախ այսպես իրենց կյանքը  փոխանակում  են «ոլոռի» հետ, բարկանում անընդհատ, մտածում դատարկ բաների մասին և կորցնում:  Այնինչ, անհրաժեշտ է գնահատել ունեցածը,  տարբերակել կարևորն անկարևորից, առանձնացնել գլխավորը, չվատնել սեփական  առողջությունը, ուժերն ու հույզերը մանրուքների վրա: