Քննություն․ առակ պարծենկոտության մասին

Առակներ

Մի անգամ թութակը հպարտացավ իրեն շրջապատողների մոտ․

- Գիտե՞ք, որ ես կարող եմ խոսել մարդկանց լեզվով: Այսուհետ դուք ինձնից չեք լսի ոչ մի բառ թռչունների լեզվով: 

- Օ՜հ- բացականչեցին ճնճղուկները,- գիտունիկ է, փաստորեն խոսելու է միայն մարդկային  լեզվով:

- Նա իսկապես կարողանում է խոսել մարդկանց պե՞ս,- թերահավատորեն հարցրեց ծեր ագռավը,- դե ինչ, վատ չէ:  Սակայն դա դեռ չի նշանակում, որ նա բոլորից խելացի է։ Ես նույնպես մի քանի բառ գիտեմ, որ գործածում են մարդիկ, բայց, այդուհանդերձ, ինձ իմաստուն չեմ համարում։

- Իսկ դուք շփվեք նրա հետ հենց մարդկային լեզվով,- վրա բերեցին ճնճղուկները,- Թերևս նա ձեզ հետ թռչունների լեզվով չի էլ խոսի։ Կտեսնեք։

- Փորձենք,- ասաց ագռավն ու թռավ այնտեղ, որտեղ նստած էր թութակը:

Թութակին տեսնելուն պես ներկայացավ մաքուր մարդկային լեզվով․

- Բարև Ձեզ, ես ագռավն եմ։

- Հիմար թութակ, հիմար թութակ,- կարծես անգիր արած ձևով պատասխանեց թութակն ու նորից ավելացրեց,- հիմար թութակ:

- Լսեցի՞ք,- զարմանքով գոռացին ճնճղուկները,- նա ձեզ համոզե՞ց:

- Իհարկե,- հոգոց հանելով արձագանքեց ագռավը,- ես նրա հետ համամիտ եմ։

 

 

 

Այս առակը պատմություն է չմտածված պարծենկոտության մասին և դաս բոլոր նրանց համար, որոնք ապրում են սեփական հանճարեղության վերաբերյալ հորինվածքների աշխարհում։ Հեղինակը տվյալ առակի միջոցով ցույց է տալիս ընթերցողին, թե ինչպիսի անձանց և ինչպիսի դժվարությունների է հնարավոր հանդիպել։ Ինքնակատարելագործման ճանապարհին, հաղթահարելով միայն առաջին քայլը, չպետք է շտապեք վերագրել ձեզ հաղթողի մրցանակը, դրա համար դեռևս պետք է «աճել»։ Ի վերջո, հաղթանակների մասին պետք էլ  չէ անընդհատ խոսել, այլ արդյունք տալ։ Նաև անհրաժեշտ է հիշել, որ որոշակի ուղով ընթանալիս չի կարելի խաբեությամբ շահել ուրիշների հարգանքն ու վստահությունը,  ավելի խելացի և փորձառու մեկը կարող է հեշտությամբ բացահայտել կեղծիքը։