Մի օր գետաձին եղեգների մեջ գտավ լքված հին մեքենա: Տեսնելով այն՝ միանգամից ձայն տվեց փղին.
- Գիրու՜կ, տե՛ս՝ ինչ եմ գտել: Ի՞նչ կարծիք ունես, ի՞նչ կարող ենք անել։
- Լա՜վն է,- պատասխանեց փիղը,- արի դուրս հանենք ու գործի դնենք։ Հետո միասին կքշենք:
Այդ պահին չգիտես, թե որտեղից հայտնվեց նապաստակը և ասաց․
- Բարի օր, ընկերներ։ Ի՞նչ եք գտել։ Ավտոմեքենա՞ է։ Շտապեք, պինդ բռնեք ու քաշեք։
Երկուսն, իրենց ողջ ուժը գործադրելով, մեքենան հրեցին ճահճից հեռու և ապահով տեղում կանգնեցրին, իսկ նապաստակը կողքի կանգնած հրամաններ էր տալիս։ Փիղն ու գետաձին որոշեցին լվանալ մեքենան, ապա փչեցին անվադողերը, միացրին շարժիչը։ Մաքրեցին ճանապարհն ու տեղադրեցին ճանապարհային նշաններ։ Ամենն ավարտելուց հետո մնում էր որոշել՝ ով է ղեկին նստելու, ով կտեղավորվի։ Ու քանի դեռ գիրուկները վիճում էին, նապաստակն օգտվեց առիթից և ինքը նստեց։ Մի փոքր ճանապարհ էր գնացել, երբ չհասցրեց թեքել ղեկն ու բախվեց ծառին։ Նա կարողացավ դուրս ցատկել ու փրկվել, մեքենան էլ ամբողջությամբ ջարդուփշուր եղավ։
Հեղինակն առակում ներկայացնում է մի դեպք, որտեղ ծանրաքաշ կենդանիներ փիղն ու գետաձին, գտնելով մեքենա, որոշում են այն «ոտքի կանգնեցնել»: Միևնույն ժամանակ, անընդհատ խառնվում է նապաստակը, և վերահսկելով նրանց գործողությունները՝ պատրաստվում յուրացնել կատարած աշխատանքի արդյունքը։ Սակայն մենք շատ լավ տեսնում ենք՝ ինչ է պատահում նրա հետ։ Դա մեզ հուշում է, որ չի կարելի խարդախության ուղով ինչ-որ բան ստանալ, միամիտ համարել դիմացինին, և ուրիշի ունեցածը սեփականացնել: Ազնիվ քայլ չէ սա։ Յուրաքանչյուրին վերադառնում են իր արարքներն ու գործերը։
Եթե պատմության մեջ ի սկզբանե փիղն ու գետաձին պայմանավորվեին մեքենան հերթով վարելու մասին, երկուսն էլ գոհ կմնային, և նապաստակը չէր վերցնի մեքենան, այդպիսի վերջաբան չէր ստացվի: Այս էլ նշանակում է, որ աշխատանքը լավագույնս կատարվում է թիմային ոգու շնորհիվ, երբ բոլորը ներդնում են ջանք ու եռանդ՝ չփորձելով որևէ մեկից խլել միտք կամ այլ բան եսասիրական նպատակներով: Ընդհանուր գործում կարևոր են փոխըմբռնումը, աջակցությունը և զիջելու կարողությունը, հակառակ դեպքում աշխատանքն այդպես էլ պտուղներ չի տա: