Ինչքան կուզեն՝ իրենց տանջեն,
Երբ ընկերները համերաշխ չեն,
Օգուտ չունեն բռնած գործից.
Այ, մի առակ կյանքի փորձից,
Թեև անցուկ,
Բայց ոչ մոռցուկ:
Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ
Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին,
Եվ երեքով եկան սայլին լծվեցին,
Ինչ են անում, ինչ չեն անում,
Սայլը տեղից չի էլ շարժվում.
Շատ թեթև է բեռը թվում,
Բայց կարապը վեր է թևում,
Խեցգետինը քաշում է հետ,
Գայլաձուկն էլ հո դեպի գետ:
Ով է արդար, ով մեղավոր,
Մենք չդատենք:
Բանն այն է, որ
Մինչև այսօր
Թե սայլ, թե բեռ
Նույն տեղն են դեռ: