Մի օր որսորդները բռնեցին եղնիկի հետքը և սկսեցին հետապնդել նրան: Եղնիկը ճարահատյալ այս ու այն կողմ էր վազվզում, երբ նկատեց խաղողի խիտ թփերը: Նա շտապեց թաքնվել դրանց մեջ, որպեսզի աննկատ մնա:
Եվ իրապես որսորդներն անցան ճանապարհի այդ հատվածով ու չնկատեցին եղնիկին: Եղնիկը զգաց, որ վտանգն անցել է, կարող է շունչ քաշել: Պատրաստվում էր հեռանալ, սակայն, չգիտես ինչու, կանգ առավ և ցանկացավ մի պատառ ուտել խաղողենուց: Խաղողի թփերին դիպչելիս այնպիսի՜ աղմուկ հանեց, որ որսորդներն իսկույն լսեցին ու շարանով հետ եկան: Եղնիկը միանգամից բացականչեց․
- Ի՜նչ արեցի։ Ես վիրավորեցի ինձ փրկածին՝ մոռանալով նրա մատուցած ծառայությունը։
Առակը տալիս է կյանքի փոքրիկ դաս, որը պետք է սերտեն և՛ երեխաները, և՛ մեծահասակները: Իմաստուն միտքն ընթերցողին փոխանցելու համար հեղինակն օգտագործում է եղնիկի կերպարը, որն ապահով թաքստոց է գտնում խաղողի թփերում։ Բայց երբ վտանգն անհետանում է, փորձում է ոչնչացնել խաղողի տերևները։ Իհարկե, հետո գիտակցում է իր սխալն ու զղջում, բայց, ավաղ, արդեն ուշ էր։ Իրական կյանքում էլ է այսպես։ Որոշներն օգտվում են դիմացինի բարությունից ու նրան վճարում անշնորհակալությամբ կամ անգամ դավաճանությամբ։ Ընդամենը պետք է հարգել այն մարդկանց, որոնք դժվարին պահերին ձեզ աջակցել են, հոգ տարել ու անկեղծ խորհուրդներով օգնել։