Մի անգամ նապաստակները հավաքվում են և սկսում լաց լինել, բողոքել կյանքի կողմից իրենց տրված փորձությունների համար:
- Մեզ մշտապես սպառնում են մարդիկ, շները, արծիվները, մյուս կենդանիներն ու թռչունները: Այլևս չենք դիմանում, հնարավոր չէ ապրել վախի մեջ և տառապել: Եկեք գնանք լճի մոտ:
Եվ նապաստակները գնում են ու մտնում լիճն այն դեպքում, երբ լողալու տարրական հմտություններ չունեին։ Այդ պահին գորտերը խառնվում են իրար ու տարբեր ուղղություններով ցատկում: Սա տեսնելով՝ նապաստակներից մեկն ասում է․
-Սպասե՛ք, չանեք ավել քայլ: Տեսեք՝ գորտերը կարծես վախեցան մեզանից:
«Նապաստակները և գորտերը» առակում հեղինակն ընթերցողին ներկայացնում է, թե ինչպես են նապաստակները որոշում անմիտ քայլի միջոցով միանգամից ազատվել իրենց բոլոր վախերից և խնդիրներից: Մինչդեռ իրականում մենք մեզ համոզում ենք, որ ազատվել ենք ու շարունակում ենք ապրել այդ նույն խնդիրների հետ։
Մենք մոռանում ենք, որ հաղթանակի համար փորձությունների միջով է պետք անցնել, իրավունք չունենք թույլ տալու, որ ճնշող ու կործանարար հույզերը տիրեն մեզ ու արդյունքում անմիտ որոշումներ կայացնենք:
Եթե նույնիսկ խնդիր կա՝ լինի գործնական, անձնական, թե առողջական, պետք է մտածել լուծման իրական ճանապարհների մասին ու առանց հանձնվելու պայքարել։ Եվ այդ պայքարում պետք է ապավինել խելքին, քաջությանն ու հետևողականությանը։