Ուսուցանող առակներ  

Առակներ

Գյուղացին ու իր որդիները

 

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս կցուցանե՝ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

 

Գարու հաշիվը

 

Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն:

Եվ քուռակը մոր հետ գնում էր և վերադառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա:

Եվ քուռակն ասաց մորը. «Ինչու է խոզն առանց աշխատանքի ուտում գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրական մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր, ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»: Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը, փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. «Ինչ եղավ, քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախեցիր խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»:

Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը, բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ով մայր, տես՝ ոտքիս չկա գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»:

 

Այրի կինն ու որդին

 

Մի այրի կին ուներ տասն այծ և մի որդի: Եվ ամեն օր որդին այծերին տանում էր արոտ և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և տալիս հարևաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչու ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և տալիս հարևաններին: Մայրն ասաց. «Որդի, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմռանը մեզ Թացան լինի»:

Իսկ մի օր, երբ որդին այծերին արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, և անձրև եկավ, և հեղեղ եկավ և այծերին սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով և դատարկ և ձեռքին միայն փայտը: Մայրն ասաց. «Որդի, ու՞ր են այծերը և ինչու՞ դու այսօր արևով եկար»: Որդին ասաց. «Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ լցրեց գետը»: