Ինչո՞վ զբաղեցնել երեխային տանը․ ութ խաղային մեթոդ

Խաղեր

Փոքրիկի ունակությունները զարգանում են ինչպես ակտիվ խաղերի ընթացքում, այնպես էլ  հանդարտ պայմաններում ընթացող խաղերի: Ծնողներն ու երեխաներն այդ հանդարտ խաղերի ժամանակ կենտրոնանում են գործընթացի վրա, զվարճանում են ու միաժամանակ լիցքաթափվում:

 

Խաղ 1․ «Մոխրոտը»

Միգուցե անվանումից կարողանաք կռահել, թե ինչ է կատարվելու: Մայրիկը խոհանոցից բերում է մակարոնի, ոսպի, ոլոռի, լոբու հատիկներ: Այդ հատիկները լցնում է սեղանի վրա և խառնում: Փոքրիկի առաջադրանքն է շտկել ստեղծված խառնաշփոթն ու տեսակավորել: Ծնողն, իհարկե, օգնում է երեխային տվյալ հարցում: Խաղը հիանալի կերպով զարգացնում է մանր մոտորիկան:

 

Խաղ 2․ «Հակառակ կողմը»

Այս խաղը նպաստում է փոքրիկի վերլուծական կարողությունների արտահայտմանը: Երեխան պետք է յուրաքանչյուր առարկայի կամ երևույթի մեջ փորձի գտնել դրական ու բացասական կողմեր: Օրինակ՝ ձյուն է տեղում: Դա մի կողմից շատ լավ է, քանի որ փողոցները կծածկվեն սպիտակով, կլինեն գեղեցիկ: Մյուս կողմից՝ պետք կլինի անընդհատ մաքրել ճանապարհը, գուցե վտանգավոր հատվածներ ձևավորվեն սառույցի պատճառով: Այսպես հնարավոր է երեխայի հետ խոսել ամենի՝ ժամացույցի կոտրվելու, խցանումների մեջ մնալու, գնդակը կորցնելու վերաբերյալ: Դրա շնորհիվ փոքրիկը կկարողանա նաև կատարվող իրադարձությունների արդյունքում արագ չհիասթափվել, գիտակցել՝ եղածը կարող է ունենալ դրական կողմ ևս:   

 

 

Խաղ 3․ «Օրագիր»

Անհրաժեշտ է, որ մայրիկը զրուցի երեխայի հետ, հետաքրքրվի՝ ինչպես է անցել նրա օրը: Անպայման ճշտում է մանրամասները: Այսպես՝ «Ի՞նչ կերար այսօր ճաշին», «Դա քեզ դուր եկա՞վ», «Ի՞նչ վերնաշապիկ էիր հագել զբոսանքի դուրս գալիս», «Ինչպիսի՞ն էր եղանակը տուն վերադառնալիս»: Սրա շնորհիվ բարելավվում է ինչ-որ չափով հիշողությունը, սերտ են դառնում ծնող-երեխա հարաբերությունները: Բալիկի տպավորություններն, ի միջի այլոց, գրանցում ենք հատուկ օրագրում:

 

Խաղ 4․ «Տե ՛ս՝ արջուկն է»

Ծնողը վերցնում է անթափանց, գունավոր, մեծ տոպրակ: Այդ տոպարկի մեջ լցնում է տարբեր խաղալիքներ: Փոքրիկը պետք է մոտենա, ձեռքը տանի տոպրակի մեջ ու շոշափելով, առանց նայելու գուշակի, թե կոնկրետ որ իրն է ձեռքն ընկել: Ցանկալի է, որ աչքերը փակի: Տոպրակից հանելուց հետո տեսնում ենք՝ ճի՞շտ է գուշակել բալիկը, թե՞ ոչ:

 

 

Խաղ 5․ «Խաղալիքի լոգանքը»

Սովորաբար փոքրիկները ջրի հետ խաղալը սիրում են: Իմանալով այս մասին՝ կարելի է կազմակերպել խաղ, որի ընթացքում փոքրիկը կլողացնի իր սիրելի խաղալիքին: Կմաքրի նրան, կսանրի մազերն ու հոգ կտանի:

 

 

Խաղ 6․ «Ջերմ խոսքեր»

Անհավատալի պարզ ու օգտակար խաղ է սա: Ջերմորեն գրկում եք փոքրիկին և ասում մի քանի հաճելի բառ կամ արտահայտություն: Օրինակ՝ «հոգիս», «արեգակս», «քաղցրիկս»: Խրախուսեք փոքրիկին, որ նա էլ ձեզ ասի իր սրտի խոսքերը:

 

 

Խաղ 7․ «Հեքիաթ»

«Հեքիաթ» խաղի իմաստն այն է, որ յուրաքանչյուրն ասի մեկ նախադասություն, ինչի արդյունքում կստացվի յուրօրինակ, զվարճալի պատմություն: Մայրիկը կարող է ասել՝ «Մի փոքրիկ թագավորությունում ապրում էր հիասքանչ արքայազնը»: Երեխան շարունակում է՝ «Մի օր էլ նա գնում է անտառ ու հանդիպում նապաստակին»: Այդպես մեկը մյուսին լրացնելով, իմաստ հաղորդելով՝ հեքիաթը հասցնում են ավարտին: Խաղը բերում է երեխայի երևակայության զարգացմանը:

   

 

Խաղ 8․ «Դասավորություն»

Երեխայի խաղալիքները, զանազան այլ անվտանգ, թեթև առարկաներ շարում եք հատակին: Բալիկն ընդամենը պետք է հավաքի այդ իրերն ու դնի իրենց նախնական տեղերում: