Երեխայի հետ օգտակար ժամանց հնարավոր է կազմակերպել թե՛ օրվա ընթացքում, թե՛ անմիջապես քնելուց առաջ։ Մասնավորապես քնից առաջ որոշ հանգիստ խաղեր խաղալը կօգնի փոքրիկին թուլանալ ու տրամադրվել։
Խաղ 1․ «Բարձր և ցածր»
«Բարձր և ցածր» անվանումն ունեցող խաղը գերազանց տարբերակ է բալիկների համար։ Մայրիկը պարզապես ընտրում է որևէ բառ, արտաբերում, ինչից հետո փոքրիկը կրկնում է բառը մեկ անգամ բարձր ձայնով։ Երկրորդ անգամ կրկնում է մի փոքր ցածր ձայնով, երրորդ անգամ՝ առավել ցածր։ Նույն մեխանիզմով հնչեցվում են զանազան բառեր։ Տվյալ խաղը մայրիկը կարող է դարձնել ավելի հետաքրքիր՝ ասելով փոքրիկին անծանոթ բառեր ու ընթացքում բացատրելով դրանց նշանակությունը։
Խաղ 2․ «Կար ու ձև»
Վերցրեք բարակ կտոր, անձեռոցիկ կամ թեկուզ թուղթ։ Նրա վրա փոքրիկ անցքեր բացեք, իսկ երեխայի ձեռքը տվեք հաստ թել։ Բացատրեք երեխային, որ նա պետք է այդ թելն անցկացնի անցքերի միջով իբրև թե կարում է։ Փոքրիկն այդպես րոպեների ընթացքում կվերածվի դերձակի։
Խաղ 3․ «Փոթորկուն ծով»
Մայրիկը պառկում է փոքրիկի կողքին, բալիկի որովայնի վրա թուղթ դնում։ Ասում է բալիկին, որ փորձի դանդաղ փչել։ Այնպես փչել, որ իր շունչը հասնի թղթին, և թռցնի այն առաջ, վեր, աջ ու ձախ։
Խաղ 4․ «Գուշակիր, թե ինչ եմ տեսնում»
Մայրիկը կրկին երեխայի կողքին է տեղավորվում։ Նա մտապահում է ինչ-որ իր։ Դրանից հետո սկսում է բնութագրել, օրինակ՝ «Ես տեսնում եմ առարկա, որն ունի սպիտակ գույն։ Այդ իրը կլոր չէ, ունի անսովոր ձև։ Եթե զգույշ չլինես, կարող է փշրվել»։ Բալիկը, ելնելով նկարագրությունից, փորձում է գուշակել։
Խաղ 5․ «Ցույց տուր՝ որտեղ է»
Ձեր ձեռն եք վերցնում փափուկ արջուկն ու աշխատում փոքրիկի ուշադրությունը կենտրոնացնել դետալների վրա։ Սկզբում ինքներդ ցույց տվեք՝ որտեղ են արջուկի աչքերը, քիթը, բերանը, ձեռքերը, ոտքերը։ Հաջորդիվ հարցրեք բալիկին, թե ուր են խաղալիքի մասերը, օգնեք նրան բարձրաձայն ասել և ցույց տալ։
Խաղ 6․ «Գաղտնի պայուսակ»
Մայրիկը հաստատ կունենա հին, չօգտագործվող պայուսակ։ Թող նա վերցնի այդ պայուսակն ու նրանում լցնի փոքր խաղալիքներ, կոճակներ, գույնզգույն, վառ թղթեր։ Դրանից հետո այն փոխանցում է բալիկին։ Երեխան սկսում է իր որոնումները, գրպաններից հանում տարբեր իրեր։ Ի վերջո, երեխաները սիրում են քանդել և ուսումնասիրել։
Խաղ 7․ «Փորձենք հակառակը»
Ընտրեք մեկ բառ, սակայն արտասանեք դա հակառակ կողմից։ Օրինակ՝ եթե մտապահել եք ձմեռ բառը, ապա ասում եք «ռեմձ»։ Փոքրիկի համար հետաքրքիր կլինի «գաղտնազերծում» կատարելը, մյուս կողմից գալ և ճիշտ բառը գտնել։