5 հիանալի խաղ, որոնք կլիցքաթափեն երեխային

Խաղեր

Որքան փոքր է երեխան, այնքան ավելի սուր է արձագանքում ընտանեկան միջավայրում և դրսում տեղի ունեցող փոփոխություններին՝ բախվելով նոր, անհայտ, անհասկանալի և իր համար վտանգավոր ու վախեցնող երևույթներին:

Փոքրիկի մոտ սթրեսի պատճառ կարող են դառնալ ինչպես առօրյա ռեժիմի խախտումները  և ծնողների տրամադրությունը, այնպես էլ լուրջ ճգնաժամային իրադարձությունները: Զուր է փորձել սթրեսածին գործոնները երեխայի կյանքից վերացնելը, քանի որ դա լիովին անելն անհնար է և կարող է տալ ճիշտ հակառակ արդյունքը, փոքրիկը չի սովորի դիմակայել կյանքի դժվարին պահերին։ Ճգնաժամային իրադրությունում հայտնվելիս երեխան բարդ զգացողություններ է ապրելու, ուստի լավ կլինի ռեսուրսներ փնտրել նրա համար բնական և ծանոթ գործունեության՝ խաղի մեջ: Այն հնարավորություն տալիս ստեղծել սեփական աշխարհը, որտեղ հնարավոր է ապահով լինել և սովորել հաղթահարել այն, ինչը կործանարար է երեխայի հոգեկանի համար: 

 

Խաղ 1․ Բադերի որսորդ կամ գործագործ

Բոլորիս քաջ հայտնի այս խաղը շատ օգտակար է բալիկների համար: Մասնակիցը, որին ցանկանում են հարվածել գնդակով խաղի ընթացքում և դուրս թողնել, լարվածություն է ապրում, ու նրա առաջնահերթ խնդիրն է խուսափել հարվածից: Այդ պահին օրգանիզմում ակտիվորեն արտազատվում է կորտիզոլ հորմոնը, սակայն փոքրիկի շարժմամբ, խաղի մեջ ներգրավված լինելու փաստով պայմանավորված նրա մակարդակը կրիտիկական չէ։ Երեխան սովորում է ոչ թե «քարանալ» սթրեսային իրավիճակում, այլ ակտիվորեն գործել, ինչն անչափ կարևոր է։ Երբ նրան գնդակով հարվածում են, գրանցվում է կորտիզոլի լրացուցիչ աճ, որը նույնպես երեխան հաղթահարում է շարժման միջոցով:

 

Խաղ 2․ Կամակորը ռեստորանում

Առաջարկեք երեխային ձևացնել, թե կերակուր է պատվիրում իր երևակայական ռեստորանում և ուտում, ապա ցուցաբերում քմահաճություն։ Այսինքն՝ ստեղծեք այնպիսի միջավայր, որտեղ երեխան կարող է արտահայտել իր դժգոհությունը, ազատություն տալ զգացմունքներին: Թույլ տվեք նրան մի քանի բացասական դիտարկում անել՝ «Սա շատ աղի է», «Օ՜ֆ, սամիթ կա դրանում», «Չեմ սիրում համը»։ Տվյալ խաղը կազատի երեխային կուտակված բացասական հույզերից։ Մեկ նկատառում․ երբեմն ծնողներն այնպիսի ձևով են խաղը ներկայացնում, որ բարկանալն ասես փոքրիկի պարտականությունն է։ Այս դեպքում խաղից  ոչ մի օգուտ չի լինի։ Մեծահասակի առաքելությունն է այնպես ներգրավել երեխային պրոցեսի մեջ, որ նա հաճույք ստանա գործընթացից։ 

 

Խաղ 3․ Պարզ երկինք

«Պարզ երկինք» խաղը 4-8 տարեկան երեխաների համար հիանալի և ուրախ տարբերակ է լարվածությունից ազատվելու համար։ Հարկավոր է խնդրել փոքրիկին սկզբում մի քանի անգամ շնչել և արտաշնչել։ Հաջորդ քայլով նա պետք է մոտենա հայելուն, նայի իր արտացոլանքին և լայն ժպտա։ Դրական էմոցիաներ ապահովելուց հետո թող ձեռքով թեթև մերսի իր դեմքը՝ սկսելով ճակատի հատվածից, անցնի ունքերի, քթիկի ու այտերի մասերին։ Այնուհետ անհրաժեշտ կլինի, որ բալիկը մի քանի անգամ բարձրացնի ուսերը և իջեցնի, թուլացնի ընդհանուր մարմինը, դեմքի մկանները։ Փոխանցեք փոքրիկին, որ եթե երբևէ զգում է  լարում, թող ասի ինքն իրեն՝  «Հանգիստ», նայի պարզ և ջինջ երկնքին, թողնի՝ բնության շունչը ներխուժի իր մեջ։

  

Խաղ 4․ Պահմտոցի

Ես շրջվում եմ, իսկ դու թաքնվիր։ Վստահ ենք, որ չի  գտնվի երեխա, որը թեկուզ մեկ անգամ պահմտոցի խաղացած չլինի։ Այդ խաղը պետք է հաճախ կազմակերպել բալիկների հետ, որովհետև զվարճացնելուց բացի օգնում է չվախենալ անորոշությունից և համբերատար լինել։ Երեխաների համար դժվար է երկար ժամանակ մի տեղում մնալը, բայց նրանք սովորում են սպասել և ուշադիր լինել։ Տվյալ պարագայում երեխայի թաքնվելու ցանկությունը նաև նրա պաշտպանված լինելու կարողությունն է: Ընդ որում, թաքնվելու ցանկությունը զուգորդվում է երեխայի՝ մտերիմների կողմից իրեն գտնելու մտքի հետ։ Սա երեխային վստահություն է ներշնչում, որ իր կարիքն ունեն ծնողները, չեն թողնի իրեն և անպայման կգտնեն, որ նա նշանակալից է մանկապարտեզի խմբի ուսուցչի և հասակակիցների համար: Նման խաղերի միջոցով երեխան նվազեցնում է տագնապայնությունը և մարզում մտավոր կարողությունները, ավելի հեշտ է հարմարվում կյանքին։ Երբ մայրը կարճ ժամանակով թաքնվում է, երեխան աստիճանաբար ընտելանում է այն մտքին, որ եթե մայրիկն անհետանա, դա երկար չի տևի, և նա անպայման կրկին կհայտնվի։ 

 

Խաղ 5․ Ցատկ

Երբ երեխան ցատկում է բատուտի կամ անկողնու վրա, թռիչքն օգնում է ցրել սթրեսը, ոտքի տակ հենարան ունենալ, զգալ թեթևություն: Ծնողը կարող է  տանը ստեղծել «հատուկ գոտի» ցատկելու համար, օրինակ՝ «այստեղ կարող եք ցատկել մեկ ոտքի վրա, այստեղ՝ երկու ..»։