Խաղեր, որոնցում հաղթողներ ու պարտվողներ չկան

Խաղեր

Հետաքննություն  

Խաղի նպատակն է զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, հաղորդակցական և վերլուծական հմտությունները: Բոլոր մասնակիցները փակում են աչքերը, և խաղավարն ընտրում է նրանցից մեկին, հրահանգում թաքնվել անթափանցիկ վարագույրի հետևում:

Ապա բոլորը բացում են աչքերը, և խաղի ղեկավարը սկսում է բացատրել առաջադրանքը: Երեխաները պետք է պարզեն՝ ով է վարագույրի հետևում (պարզապես նայում են, թե ով է շարքից բացակայում): Հաջորդիվ պետք է հիշեն նրա հետ կապված դետալներ, ներկայացնեն տվյալ բալիկի տեսքի մանրամասները՝ աչքերի գույնը, մազերը, ինչ սանրվածք ուներ և այլն, այսինքն՝ տան ճշգրիտ դիմանկարը: Երբ բոլորն արտահայտեն իրենց խոսքը, վարագույրի հետևում թաքնված խաղացողը դուրս է գալիս: Հաջորդիվ ստուգում են՝ որքանով էին ճիշտ և դիպուկ նկարագրությունները: 

 

Անսպասելի նկարներ

Սա փոքրիկների համար թիմային աշխատանքի հիանալի օրինակ է: Խաղի ընթացքում նրանք հնարավորություն են ունենում տեսնել՝ ինչպես է խմբի յուրաքանչյուր անդամ իր ներդրումն ունենում նկարի ստեղծման գործում: Բալիկներից յուրաքանչյուրը պետք է ունենա թուղթ և մատիտներ: Նրանք նստում են մեկ սեղանի շուրջ, ստորագրում թղթի հետևում, գրում իրենց անունը: Ապա սկսում նկարել, որը պետք է տևի մոտ 2-3 րոպե: Ժամանակի լրանալուն պես խաղավարի հրամանով նկարելը դադարեցվում է, ինչից հետո յուրաքանչյուր երեխա իր նկարը տալիս է ձախ կողմում նստած բալիկին, վերցնում աջ կողմում գտնվող փոքրիկի թերթիկը: Փոխանակումն ավարտելուց հետո շարունակում են նկարելը: Երեխաներին տրվում է ևս 2-3 րոպե, որից հետո խաղն ընդհատվում է, կրկնում են նախորդ գործողությունը:

Մեծ թվով մասնակիցների դեպքում երկար ժամանակ կպահանջվի, ուստի փոքր խմբով խաղալն առավել հեշտ է: Կարելի է աշխուժացնել խաղը երաժշտության ուղեկցմամբ: Հենց երաժշտությունը փոխվի, երեխաները կարող են փոխել նաև նկարելու օրինաչափությունները: Խաղը եզրափակելիս փոքրիկներին հարցնում ենք՝ «Ձեզ դուր եկա՞վ ուրիշների գծագրերը շարունակելու, ավարտելու պրոցեսը», «Ո՞ր նկարն ամենաշատը սիրեցիք», «Այս նկարները տարբերվու՞մ են այն նկարներից, որոնք սովորաբար նկարում եք: Ինչպե՞ս»:

  

Երգչախումբ

Երգելը ոչ միայն բարձրացնում է  տրամադրությունը, այլև զարգացնում ձայնը: Որոշ երեխաներ նախընտրում են երգել միայնակ, և ամաչում են անել դա այլ մարդկանց ներկայությամբ, քանի որ վստահ են՝ իրենց մոտ չի ստացվում: Տվյալ խաղը կօգնի նրանց ազատվել բարդույթներից:

Յուրաքանչյուրը պետք է կատարի իր սիրելի երգը կամ հորինի: Եթե ​​նա ամաչկոտ է և չի կարողանում երգել՝ օգտագործելով ձայնի ողջ հզորությունը, խաղավարի խնդիրն է օգնել նրան: Նա առաջարկում է ներկաներին երգել միասին: Արդյունքում նույնիսկ ամաչկոտ երեխաները միանում են ընդհանուր երգեցողությանը: Խաղում հաղթողներ կամ պարտվողներ չկան, ամեն ոք իրավունք ունի ցուցադրելու իր հմտությունները:

  

Լուսանկարիչ

Խաղի սկզբում ընտրվում է ղեկավար-լուսանկարիչ: Նա պետք է հեռախոսի օգնությամբ հետաքրքիր նկարներ ստանա, ինչը նշանակում է՝ կարող է իր հայեցողությամբ նստեցնել մնացյալ մասնակիցներին: Մեկին կարող է առաջարկել ուսուցչի դեր, հետևաբար դրան համապատասխան կեցվածք ու շարժումներ, մյուսին՝ դառնալ ոստիկան կամ դերասանուհի, ինչ ցանկանա: Խաղացողներից յուրաքանչյուրը պարգևատրում է «լուսանկարչին»՝ գործողությունների և ստացած արդյունքի համար /կարող է հաճոյախոսել, միրգ տալ/: Հետո խաղացողները փոխվում են, մեկ ուրիշն է դառնում է լուսանկարիչ: Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր երեխաները լուսանկարչի դերում չեն հայտնվել: Այն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող եք վերցնել ֆոտոխցիկ, որը հնարավորություն կտա լուսանկարել ակնթարթները և տեղում հանել նկարները: 

 

Հանգստություն

Թուլանում ես ողջ մարմնով և պատկերացնում՝ պարզ, արևոտ օր է, իսկ դու նստած ես կանաչ, փափուկ սիզամարգի վրա: Երկինքը պայծառ լուսավորվել է արեգակով, և վերջինիս շողերից մեկը պատկանում է հենց քեզ: Քո շողը նույնիսկ հազար անգամ ավելի ուժեղ է լուսավորում: Նրա ճառագայթները նրբորեն ու քնքշորեն ջերմացնում են ձեռքերդ, ներթափանցում մարմնիդ մեջ, վազվզում նրա վրա: Ամբողջը լցվում է մաքրող և բուժիչ լույսով, որի մեջ լուծվում են վիշտն ու անհանգստությունը, բոլոր բացասական մտքերն ու զգացմունքները, վախերն ու ենթադրությունները: Անառողջ մասնիկները հեռանում են մարմնիցդ՝ վերածվելով մութ ծխի, որն ակնթարթորեն ցրվում է մեղմ քամուց: Դու զերծ ես անհանգստությունից, մաքրված, թեթև ես և ուրախ:

Խաղ-վարժությունը, որն իրականացվում է տվյալ տեքստի միջոցով, որոշ չափով կօգնի վերացնել երեխայի անհանգստությունն ու տագնապները, պատրաստվել հնարավոր սթրեսային իրավիճակին: Պահանջվող ժամանակն է 5-10 րոպե: Կարող եք զուգահեռ բնության ձայներ ներառող, հանգիստ երաժշտություն միացնել, այլ շեղող ձայներ չպետք է լինեն: