5 օգտակար խաղ, որոնք կօգնեն զարգացնել երեխայի տրամաբանությունը

Խաղեր

Երեխայի մտածողության զարգացման համար առանձնացվում են զանազան խաղեր ու տրամաբանական խնդիրներ, որոնց լուծումները փոքրիկից պահանջում է այլընտրանքային տարբերակների որոնում։

Ըստ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի՝ դա հնարավորություն է տալիս երեխային չունենալ «քառակուսի մտածողություն», այլ տեսնել բոլոր ճանապարհները, որոնք ակնհայտ չեն։ Ստորև ներկայացնում ենք խաղերի օրինակներ, որոնք զվարճալի լինելուց բացի նաև արդյունավետ կլինեն փոքրիկների համար:

 

Խաղ 1 «Ալիաս» կամ «Այլ կերպ»

Տվյալ խաղը կարող եք կիրառել երեխաների բառապաշարը հարստացնելու, ընդլայնելու և խոսքը բարելավելու, միտքը ճկուն դարձնելու, բալիկի ու ընտանիքի անդամների միջև հաղորդակցումն ապահովելու, ընդհանուր հետաքրքրություններ գտնելու նպատակով: Յուրաքանչյուր մասնակից յուրօրինակ ձևով բացատրում է քարտի վրա գրված բառը սահմանված ժամանակում,  դիմում   հոմանիշների ու հականիշների օգնությանը, կարևորը` նույն արմատով բառեր չօգտագործի: Որոշ դեպքերում  խաղացողները գուշակելուց հետո պատմություններ են հորինում տվյալ բառի շուրջ, կրկնօրինակումներ անում, համեմում խաղը: Մասնակիցները կարող են լինել այնքան, որքան ցանկանում եք:

 

Խաղ 2«Շղթաներ»

Փոքրիկի համար երկու օբյեկտների միջև ընդհանուր հատկություններ գտնելը կարող է բավականին հետաքրքիր լինել: Երեխային առաջարկենք երկու բառ, օրինակ՝ ծաղիկ և մեղու: Նրա գործառույթն է լինելու հնարավորինս շատ կապեր գտնելը տվյալ բառերի միջև:

Նմանատիպ տեխնիկայի կիրառումը օգտակար է հատկապես դպրոցականների համար, քանի որ օգնում է հիշել և ընկալել մեծ քանակի տեղեկատվություն, վեր հանել իրադարձությունների ու երևույթների առնչությունները: Նրանց դեպքում կազմում ենք փաստերից, ամսաթվերից, նախադասություններից ու ասույթներից բաղկացած շղթաներ: Օրինակ՝ եթե գրականության դասին ուսումնասիրվում է Հովհաննես Թումանյանի կենսագրությունը, և բալիկի համար դժվար է հիշել առանցքային ամսաթվերն ու իրադարձությունները, ապա նա անձամբ, մայրիկի կամ մեկ ուրիշի օգնությամբ կարող է ստանալ նմանատիպ շղթա՝ Դսեղ - Ստեփանավան - «Հոգուս հատոր, սրտիս կտոր, դասիս համար դու մի՛ հոգար․․» - Թիֆլիս - «Վերնատուն» գրական խմբակ - քառյակներ - 1915թ․, «Հայրենիքիս հետ» բանաստեղծություն - գաղթականներ և այլն: Հաջորդիվ կարելի է գունավորել, նկարել բառերի կողքին, առավելագույնս պարզ ու մատչելի դարձնել: Ավարտելուց և ուշադիր զննելուց հետո կարևոր է, որ երեխան կարողանա «վերծանել» յուրաքանչյուր օղակը, ասի հիմնական տարեթվերն ու ստեղծագործությունների անունները, արտասանի հայտնի տողերը:

 

Խաղ 3 «Հանելուկներ»

Այն ի՞նչն է, ի՞նչը, որ ֆուտբոլի գնդակի պես մեծ է և երջանկացնում է մեզ իր աննման համով: Տվյալ հանելուկի պատասխանը որոնելիս կարող եք շատ հեռու չգնալ և միանգամից թեքվել ձմերուկի կողմը: Սա, թերևս, հեշտ է:  Ընդհանրապես, հանելուկների կիրառումը մեծապես նպաստում է երեխաների տրամաբանության զարգացման վրա: Խաղավարը կարդում է հանելուկը, ինչից հետո երեխաները փորձում են գուշակել: Հաղթում է այն թիմը, որն ամենից շատ ճիշտ պատասխաններն է տվել: Ընտրվող հանելուկները պետք է համապատասխանեն խաղացողների տարիքին ու զարգացման մակարդակին, չպետք է լինեն չափազանց պարզ կամ չափազանց դժվար: Խաղն անցկացնելու մյուս տարբերակն այն է, որ խաղի ղեկավարը մասնակիցներին տա բառեր, իսկ նրանք հարցեր մտածեն, հանելուկներ հորինեն՝ դրանց վրա հիմնվելով: 

 

Խաղ 4 «Հակառակը կասե՞ս»

Խաղավարն ասում է գոյականներ, իսկ խաղի մասնակիցներն արագ կերպով ասում են  դրանց հականիշները: Օրինակ՝ տաք – ցուրտ, մոտ – հեռու, պարզ – բարդ: Երբ խաղը նրանց համար հեշտ ու ոչ այդքան հետաքրքիր դառնա, կարելի է փոխել խաղի ընթացքը, ասել մեկ բառ և թող հնարավորինս շատ բառեր առանձնացնեն, որոնք հականիշ են տվյալ բառին՝ ըստ իրենց: Այնուհետ կարող եք երեխաների հետ քննարկել, թե ինչու են նրանք այդպես մտածում:   

 

Խաղ 5 «Գտիր օտարին»

Ցանկության դեպքում կարող եք պատրաստել հատուկ քարտեր՝ առարկաների, մարդկանց, կենդանիների, տարբեր վայրերի պատկերներով: Բայց կարող եք խաղալ նաև առանց օժանդակ նյութերի: Խաղավարն ասում է երեք բառ: Խաղացողների խնդիրն է որոշել, թե ինչպես են երեք օբյեկտներից երկուսը կապված միմյանց հետ և ընտրել երրորդ օբյեկտը, որն ավելորդ է: Օրինակ՝ «տանձ, բանան, տետր» շարքում ավելորդը կլինի տետրը, քանի որ այն առարկա է՝ նախատեսված գրելու համար, իսկ մյուսները՝ մրգեր, որոնք ուտում են մարդիկ: Կարելի է ընթացքում առաջադրել խնդիր, որ հենց մասնակիցները կազմեն բառերի եռյակներ: