Դուք հոգնել եք, իսկ երեխան դեռ ցանկանում է խաղալ․ խաղեր, որոնց ընթացքում մայրիկը չի հոգնի

Խաղեր

Հիվանդանոց

Առաջարկեք երեխային զգալ իրեն բժշկի դերում, իսկ դուք ստանձնեք պացիենտի դերը: Ընտրեք, թե որտեղ է հարմար պառկել՝ բազմոցին կամ հատակին: Այժմ կարող եք սկսել: Նկարագրեք, թե ինչից եք բողոքում, ախտանշանները կարող են փոխվել՝ գլուխն է ցավում, ձեռքը, ոտքը: Թող բալիկը բուժի ձեզ, վիրակապեր դնի, չափի մարմնի ջերմաստիճանը և այլն:  

Բե՛ր ինձ

Սա երկու մասից բաղկացած խաղ է: Նստեք բազմոցին և խնդրեք երեխային ձեզ ինչ-որ բան բերել, օրինակ` կապույտ մատիտ կամ շրջանաձև իր: Համոզված եղեք, որ ինչ էլ ասեք, նա հաստատ ինչ-որ բան բերելու է: Բայց սա դեռ ամենը չէ: Բերելուց հետո հանձնարարեք նրան տեղադրել դրանք նույն տեղերում, որտեղից վերցրել է:

 

Լռություն 

Հրավիրեք փոքրիկին ձեզ հետ մրցելու: Երկուսդ էլ հանգիստ, անշարժ պառկում եք: Կարող եք զրուցել, բայց ոչ շարժվել: Կպարտվի նա, որն առաջինը վեր կկենա տեղից:

 

Տառեր 

Ասեք բալիկին, որ պարզապես մատի օգնությամբ տառեր կամ թվեր նկարի ձեր մեջքին, իսկ դուք գուշակեք՝ զգալով հպումներն ու շարժումները:

 

Գեղեցկության սրահ

Դուք կարող եք երեխային խնդրել, որպեսզի լինի ձեր դիմահարդարը կամ վարսահարդարը, բերի սանրերն ու դիմահարդարման պարագաները, ապա անցնի գործի: Սանրելու գործընթացը կվայելեք, իսկ դեմքին զանազան գույներ տեսնելուն պատրաստ եղեք:

 

Իմաստունի պատմությունը

Բացատրեք երեխային, որ այժմ կլինեք մի տարեց իմաստուն, որը գիտի շատ զարմանալի պատմություններ: Խոստացեք, որ նրանցից մեկը կասեք, եթե ձեզ տա ժամանակ, թեյ և բազմոցին հանգիստ նստելու հնարավորություն: Ապա ասեք նրան, որ ձեր հիշողությունը վատ է, և պատմությունը հիշելու համար պետք է նայեք այն բաներին, որոնք երեխան ստիպված կլինի բերել: Կարող եք նրան սենյակ ուղարկել խաղալիքի, մատիտի, գուցե գնդակի ետևից: Եթե լավ երևակայություն ունեք, խաղը կարող է ձգվել, բայց պետք չի լինի քայլել, վազել կամ ցատկել:

 

Ծույլ պահմտոցի

Առաջարկեք երեխային թաքնվել և ասեք նրան՝ հաշվելու եք մինչև երկու հարյուրը կամ հազարը՝ կախված նրանից, թե երեխան քանի տարեկան է և որ թիվը կարող է տպավորություն թողնել նրա վրա: Բարձրաձայն հաշվեք, ապա նույնքան բարձրաձայն փնտրեք երեխային, դերասանություն արեք՝ չեք գտնում, տեսնես ու՞ր կարող է նա լինել, որտեղ է գտնվում և այդպես շարունակ, քանի դեռ չեք վերականգնել ձեր ուժերը:

 

Ի՞նչ բեռ է դրված

Փոքրիկը կարող է խաղալիքներ կամ այլ իրեր բերել, շարել ձեր մեջքի վրա, իսկ դուք պետք է գուշակեք դրանք: Ընթացքում հումորային արտահայտություններ արեք և զվարճացրեք բալիկին:

 

Թագավորություն

Այնքա՜ն հեշտ է այս խաղը: Ծնողից ընդամենը պահանջվում է պառկել կամ նստել, իսկ երեխային փոխանցել՝ «ես թագուհին եմ, դու՝ այստեղի պահակը, հսկի՛ր ինձ»: Երեխան կպտտվի ձեր շուրջն ու կաշխատի չխախտել կանոնները: