1․ Ուրախ քվեստ
Երեխայի համար պատրաստեք փոքրիկ նվեր և թաքցրեք տան որևէ անկյունում: Գունավոր թղթիկների վրա գրեք հուշումներ, որոնք կօգնեն նրան գտնել իր մրցանակը: Գրառումները դրեք տարբեր վայրերում (բազմոցի վրա, բարձի տակ, խաղալիքի կամ լուսամփոփի մոտ, դարակում) և ուշադիր եղեք, որպեսզի պահպանեք քայլերի տրամաբանությունը: Ասե՛ք բալիկին՝ որտեղից է սկսելու: Նա կսկսի փնտրել և գտած առաջին հուշումը կլինի երկրորդի բանալին, երկրորդը՝ երրորդի: Այսպես շարունակ մինչև կհայտնաբերի «գանձը»։
2․ Ընտանեկան կտավ
Անհրաժեշտ կլինեն մատիտներ, ֆլոմաստերներ և թուղթ: Նստեք սեղանի շուրջ ու սկսեք նկարել միասին: Օրինակ՝ ձեր երազանքի տունը, որտեղ յուրաքանչյուրը կպատկերի իր սենյակը և կլրացնի բոլորի սիրելի վայրը՝ խոհանոցը կամ հյուրասենյակը:
3․ Մաթեմատիկան խոհանոցում
Սեղան գցելը կարող եք համատեղել օգտակարի հետ: Ասե՛ք երեխային, որ սեղանին դնի երկու գդալ, երեք բաժակ, զամբյուղից վերցնի հինգ խնձոր կամ էլ ափսեի մեջ դնի չորս թխվածքաբլիթ: Կստանաք այն, ինչ անհրաժեշտ է ձեզ, միաժամանակ փոքրիկն էլ կհմտանա հաշվելու գործում:
4․ Յուրօրինակ գիրք
Փոքրիկի հետ հավաքեք տարաբնույթ լուսանկարներ, առանձնացրեք պատկերներ և հոդվածներ ամսագրերից: Դրանք սոսնձեք ալբոմի թերթիկներին և յուրաքանչյուրի կողքին գրեք պատմություն: Կարող եք անել նաև հակառակը․ փոքրիկի հետ հորինեք հեքիաթ, գրեք այն ալբոմում և համապատասխան ձևով նկարազարդեք: Այս գործընթացն, իհարկե, երկար ժամանակ կպահանջի, սակայն տարիներ անց կարթնացնի միայն ջերմ հիշողություններ:
5․Առաջադրանք
Մեծահասակը թղթերի վրա գրում է ուշագրավ առաջադրանքներ, դնում դրանք արկղի մեջ: Երեխան հանում է հերթականությամբ և կատարում գրված առաջադրանքները: Օրինակ՝ բանաստեղծություն է արտասանում բարակ ձայնով կամ նկարում փակ աչքերով:
6․ Վաճառի՛ր
Ընտանիքի անդամները վերցնում են մեկական առարկա: Յուրաքանչյուրը փորձում է համոզել մյուսներին գնել իր առարկան, ներկայացնում է՝ ինչպես կարելի է օգտագործել այն, որտեղ և ինչու է կարևոր:
7․ Արտացոլանք
Ծնողը ցույց է տալիս շարժումներ, իսկ երեխան փորձում է ճշգրտորեն կրկնել նրա հետևից: Ավելի ծիծաղաշարժ կստացվի, եթե երկուսն էլ կանգնած լինեն հայելու առաջ: