Նոր տարի․ բանաստեղծություն

Փոքրիկիս ժամանցը

Ամեն, ամեն ինչի մեջ,

Նորն ենք սիրում մենք կյանքում,

Նա մեզ թռիչք է տալիս,

Թև է տալիս ճախրանքում:

Իսկ դու նոր ես, իսկ դու նոր,

Հենց նոր իջար որպես երգ,

Դեռ ձյուներիդ մեջ ճերմակ

Չկա ոչ մի ոտնահետք:

Ու բաժակն իմ աստղացող

Լույսերի մեջ պահած վեր

Ես քո կենացն եմ խմում,

Նորեկ տարի, նոր իմ սեր․․․

Ե՛կ, իմ երկրի զինակից,

Ջահելություն իմ հողի,

Եկ ու փռիր մեր առջև

Նոր հեռուներ, նոր ուղի․․․

Պողպատ ձուլող բանվորի

Պողպատին տուր կարծրություն,

Այգեգործին՝ առատ բերք

Ու բերքերին՝ քաղցրություն:

Ե՛կ, Նոր տարի ու դարձիր

Նոր երազը մեր սրտի,

Տիեզերքները ձևող

Նոր աստղ դարձիր ու հրթիռ,

Դարձիր մարմին առած տենչ,

Դարձիր երգ մի հաղթաձայն

Եվ աշխարհն կամրջող

Խաղաղության ծիածան:

 

  

Վահագն Դավթյան