Առյուծը, արջը և աղվեսը․ առակ համառության մասին

Փոքրիկիս ժամանցը

 Առյուծը և արջը միս էին գտել, բայց արի ու տես՝ նրանցից ոչ մեկն այդ միսը  կիսելու ցանկություն չուներ։ Սկսում են կռվել իրար հետ։ Արջը չի զիջում առյուծին, առյուծն էլ իր հերթին արջին։ Այնքան են կռվում, որ ուժասպառ են լինում ու թուլացած ընկնում գետնին։ Նույն պահին խորամանկ աղվեսը տեսնում է նրանց արանքում դրված միսը, վերցնում է միանգամից և փախչում։

Հեղինակն ընթերցող երեխային ներկայացնում է երեք հերոսների՝ առյուծի, արջի և աղվեսի պատմությունը, որտեղ երկու ուժեղ ու իմաստուն թվացող կերպարները համառության պատճառով կորցնում են զգոնությունը։ Մեկ կտոր միս գտնելուց հետո գերադասում են առաջնորդվել «սա իմն է, ոչ մեկին չեմ տա» սկզբունքով։ Նրանք ամենևին հաշվի չեն առնում, որ նման «քաղցր» որսը վերջում կարող է հայտնվել խորամանկ աղվեսի մոտ, որը ճիշտ կհաշվարկի ու կգնահատի իր հնարավորությունները։

Այդպես էլ իրական կյանքում են մոռանում ամեն ինչ, մտնում անօգուտ վեճի մեջ և փորձում ապացուցել՝ հաղթողը միայն իրենք են։ Մոռանում են, որ միշտ ու ամեն ինչում ճիշտ լինելու ցանկության մեջ պետք է տեղ տալ ոչ միայն հպարտությանը և համառությանը, այլև խելքին ու խոհեմությանը: Հակառակ դեպքում կգտնվեն ավելի իմաստունները, որոնք կկարողանան հեշտությամբ շրջել ամենն իրենց օգտին:

«Առյուծը, արջը և աղվեսը» առակի գաղափարը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. կարողացեք բանակցել և գրագետ կերպով դուրս գալ վիճելի պահերից, որպեսզի վերջում ձեռնունայն չմնաք: Սովորեք լինել համբերատար, ճանաչել չափը և արժանապատվորեն ընդունել ցանկացած իրավիճակ: