Հղիության 6-րդ ամիսը․ ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի օրգանիզմում

Նախածննդյան շրջան

Հղիության վեցերորդ ամսվա սկզբին արգանդը գտնվում է կոնքոսկրից 24 սմ  բարձրության վրա: Այս ընթացքում արգանդը ոչ միայն մկանային զանգված է ավելացնում, այլ նաև ձգվում է` պտղի աճին զուգահեռ:

Այժմ արդեն հղի կինը սկսում է իսկապես քաշ  «հավաքել», և դա կշարունակվի մինչև հղիության վերջին շաբաթները:  Որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ տեմպերով է քաշը ավելանում, ցանկալի է, որ պարբերաբար կշռվեք՝ շաբաթը մեկ անգամ, օրվա նույն ժամին, նույն կշեռքի վրա: Հղիության այս ժամկետում սովորաբար շաբաթվա ընթացքում քաշն ավելանում է 500 գրամով: Վեցերորդ ամսվա վերջին կնոջ քաշը մինչ հղիանալն ընկած ժամանակահատվածի համեմատությամբ  ավելանում է 5-8 կգ-ով:  Այս ժամանակ պտղի քաշը 0,8-1 կգ է՝ 0,5 կգ՝ ընկերքն է, 0,7-1 կգ՝ պտղաջրերը, 0,5-0,7 կգ` արգանդի ավելցուկ քաշը, 0,3-0,4 կգ-ով ավելանում է կրծքերի ծավալը,  1,5-3 լիտրով ավելանում է շրջանառվող արյան ծավալը, 0,5-1 կգ-ով`ոչ բջջային հեղուկի ծավալը:  Արդյունքում ստացվում է, որ կնոջ բուն քաշն այդքան էլ շատ չի ավելանում: 

Անգամ եթե հղիության սկզբում ավելցուկ քաշ եք ունեցել, հղիությունը լավագույն ժամանակը չէ խիստ դիետաների համար. սնվելու կտրուկ սահմանափակումը կարող է վնասել երեխային, քանի որ պահուստային ճարպերի քայքայման ժամանակ արյան մեջ տոքսիններ են առաջանում:

Եթե 8 կգ-ից ավելի է շատացել ձեր քաշը, այդ մասին հարկավոր է տեղեկացնել բժշկին:  Հղիության ժամանակ քաշի ավելցուկը բարձր զարկերակային ճնշման, ուշ տոքսիկոզի նախանշան է:

Հղիության վեցերորդ ամսում կնոջ արյան մեջ բարձրանում է խոլեստերինի մակարդակը: Դա վտանգավոր չէ, քանի որ խոլեստերինից ընկերքը ստանում է տարբեր տեսակի հորմոններ, այդ թվում՝ պրոգեստերոն, որը պատասխանատու է կաթնագեղձերի զարգացման համար:

 

Շարունակելի

Նյութը՝ ըստ 9months.ru կայքի