Բալ․ ո՞ր տարիքից մատուցել երեխային, ինչպե՞ս ընտրել և ինչի՞ հետ համադրել

6-12ամիս

Հյութեղ և քաղցր բալն, անշուշտ, երեխաների ու ծնողների սիրելի մրգերի ցանկում է:

Բալի 70%-ից ավելին կազմում է ջուրը: Մրգատեսակը պարունակում է գլյուկոզա, ֆրուկտոզա և, պայմանավորված պեկտինի մեծ քանակությամբ` առաջնահերթ բարելավում է մարսողությունն ու աղիների շարժողունակությունը, հետևապես լուծում է փորկապության խնդիրը և կարգավորում կղազատումը: Բալի բաղադրության մեջ կալիումի բարձր մակարդակը բարենպաստ ազդեցություն է թողնում սրտի աշխատանքի վրա՝ հավասարակշռելով սրտի ռիթմը։ Նրա վիտամինային համալիրն (A, C, E) ու երկաթի պաշարներն աշխատում են անեմիայի կանխարգելման ուղղությամբ։ Բալը հուզական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու միջոց է, քանի որ իր կազմում ունի B խմբի վիտամիններ և կարողանում է այդպիսով հանգստացնել ու տոնուսավորել։ Նրա մեջ առկա մագնեզիումը խթանում է մկանների զարգացումը։ Բալն ունի մելատոնին, ինչը շատ կարևոր է քնի ցիկլերի կանոնավորման համար: Այն պարունակում է ուրիշ նշանակալի բաղադրիչ նույնպես: Դա կումարինն է,  որն օժանդակում է թուլացած իմուն համակարգին: Բալի անտոցիաններն էլ օգնում են նվազեցնել ցավը բորբոքումների ժամանակ:

 

Փոքրիկը ե՞րբ կարող է համտեսել բալ

Մանկաբույժները գտնում են, որ բալը հավելյալ սննդի մեջ ներմուծելու օպտիմալ ժամանակահատվածը ութ ամսականին հաջորդող շրջանն է, միջինում 9-10 ամսականը։ Ալերգիայի հակված երեխաների դեպքում մրգատեսակի հետ ծանոթացումը կարող է հետաձգվել մինչև երկու կամ երեք տարեկան հասակը: Նախքան ժամկետներ սահմանելը պետք է դիտարկել երեխայի առողջական վիճակը:

 

Հնարավո՞ր է, որ երեխայի օրգանիզմը բացասաբար արձագանքի փորձարկմանը

Բալի հանդեպ զգայունության դրսևորումը բացառված չէ: Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար խորհուրդ է տրվում երեխային առաջարկել, նախ, համեմատաբար բաց գույն ունեցող բալ: Ինտենսիվ վառ, կարմիր գունավորումը մեծացնում է ալերգիայի վտանգը: Այդուհանդերձ, հնարավոր ալերգիկ ռեակցիաներն արտահայտվում են անհանգստության, մարսողության խանգարման, կարմրության, ցանի ու քորի տեսքով: Բալիկների մոտ ցանն ամենից հաճախ հայտնվում է դեմքին, բերանի շուրջը։ Թվարկված նշանների դեպքում հարկավոր է ժամանակավորապես հանել բալը սննդակարգից և դիմել մանկաբույժի:

 

Փոքրիկին այս մրգատեսակը մատուցելիս ի՞նչ կանոններ պահպանել

✓ Բալի հետ փոքրիկին ծանոթացնելիս զուգահեռաբար այլ նոր մթերքներ մի՛ ներմուծեք: Եթե ​​բացասական ռեակցիա հայտնվի, պարզ չի լինի, թե ինչից է առաջացել։

✓ Սկզբում առաջարկեք փոքրիկին բալի խյուս։ Դրա համար պետք է բալը եռացնել մի քանի րոպե։ Հեռացնում եք կեղևը, կորիզը ու հարում, տալիս եք փոքրիկին առավելագույնը մեկ թեյի գդալի չափով։ Նորմալ արձագանքի դեպքում աստիճանաբար մեծացնում եք ծավալը։

✓ Օգտագործվող բալի չափաբաժինը միշտ պետք է վերահսկել։ Շատ բալ ուտելու արդյունքում հնարավոր է ունենալ որովայնի փքվածության զգացում, դիարեա, մետեորիզմ։

✓ Խուսափեք համապատասխան սեզոնից դուրս բալ առաջարկել։ Սեզոնից դուրս վաճառվող բալը կարող է հարստացված լինել տարատեսակ քիմիական նյութերով, որոնք առաջ բերեն երեխայի մոտ թունավորում։

✓ Իհարկե, իդեալական տարբերակ է սեփական այգում աճեցված բալենու պտուղներն առաջարկելը։  Թերևս, բոլորը չունեն այդ հնարավորությունը, այնպես որ խանութում  կամ շուկայում դրված բալը գնելիս եղեք ուշադիր։ Ընտրեք թարմ տեսք և չկոտրտված ցողուն ունեցող բալը (պոչային հատվածի  բացակայության դեպքում բակտերիաներն արագ ներթափանցում են ներս)։ Չվերցնեք այնպիսի բալ, որի մակերեսին առկա են բծեր, շագանակագույն երանգ, կնճռոտություն։ Տուն բերվածը մանրակրիտ մաքրեք և լվացեք։

 

Բալն ինչի՞ հետ համադրել

Բալը հիանալի համադրվում է բանանի, խնձորի, սալորի, ավոկադոյի, կաթնաշոռի, վարսակի ու բրնձի շիլաների հետ:

 

Իսկ ի՞նչ կլինի, եթե երեխան բալի կորիզը կուլ տա

Որոշակի տարիքից սկսած՝ երեխային կարելի է սովորեցնել, թե ինչպես հանել բալի կորիզը, իսկ մինչ այդ հարկավոր է տալ միայն կեղևը և կորիզը հանած տեսքով։ Չնայած այս հանգամանքին՝ պետք չէ ռիսկի դիմել ու առհասարակ երեխային մենակ թողնել բալով լի ափսեի հետ։ Երեխայի կուլ տված կորիզը կարող է բարեհաջող անցնել կերակրափողով, ապա մարսողական հաջորդող ուղիներով և դուրս գալ կղանքի միջոցով: Մեկ, երկու կորիզը վտանգավոր չէ, բայց ավելի մեծ քանակը կարող է հանգեցնել փորկապության կամ աղիների անանցանելիության: Եթե կուլ է տվել, անկախ քանակից` հետևում եք վիճակին: Պետք է վերահսկեք բալիկին և անմիջապես դիմեք բժշկի, եթե կղանքի մեջ կա արյուն, բալիկն ունի որովայնացավ, զգում է դժվարություն կուլ տալու հետ կապված: Չի կարելի ինքնուրույն միջոցներ ձեռնարկել, փսխում առաջացնել կամ երեխային լուծողական դեղամիջոց տալ: Հաշվի առեք, որ կորիզի մեջ կան ոչ օգտակար, վնասակար նյութեր:

 

Նյութն ըստ pitaniedetok.ru և o-krohe.ru կայքերի