9-12 ամսական երեխան իրավամբ «մարզիկ» է համարվում, քանի որ դառնում է բավականին շարժուն և աշխատում է ակտիվ մասնակցություն ունենալ ամենին։
Օրեցօր բալիկի մկաններն ու ոսկրային համակարգն ուժեղանում են․ նա վստահ նստում է, սողալու հետ մեկտեղ չոչում, ճարպկանում և «հաղթահարում» դժվարություններ։ Բալիկի համար ձեռքբերում է նույնիսկ զբոսանքի ժամանակ փոքրիկ ճյուղի վրայով ոտքը բարձրացնելը։ Նա այնպիսի տարիքում է, որ կարող է կանգնել ու քայլեր անել մեծահասակի ձեռքերից բռնած։
1․ Գաղտնարան
Եթե մինչ այս ծնողն ու երեխան թաքցնում էին միայն խաղալիքը, իսկ հետո հանում, այժմ կարող են խաղի այլ տարբերակի անցում կատարել: Ծնողն ինքն է թաքնվում մոտակայքում: Անցնում է, օրինակ, բազմոցի հետնամասը և պարբերաբար բարձրացնում գլուխը, նայում այնտեղից բալիկին ու կանչում։ Փոքրիկն ուրախությամբ չորեքթաթ կգա կամ կսողա դեպի այն վայրը, որտեղ մայրիկն է։ Բացառված չէ, որ երեխան կսկսի ընդօրինակել ծնողի շարժումները, անձամբ գնալ բազկաթոռի մոտ ու մերթընդմերթ նայել դրա հետևից:
2․ Խմորե գունդ
Օգտագործելով ջուրը և ալյուրը՝ պատրաստեք խմոր: Ցույց տվեք երեխային խաղալիք, հետո դրեք դա խմորի մեջ: Միասին որոնեք խմորի մեջ խորասուզված առարկան, խաղացեք խմորի հետ բոլոր հնարավոր ձևերով։ Սա մեծ հաճույք կպատճառի փոքրիկին։ Խաղն օգտակար կլինի նաև ձեռքերի մկանների ամրացման, մանր մոտորիկայի զարգացման համար։
Նույն նպատակով կարող եք բալիկին առաջարկել զամբյուղի մեջ խնձորներ տեղավորել, տարայի մեջ՝ մաքուր, լվացված սալորաչիր։
3․ Մուկն ու կատուն
Ասեք երեխային, որ դուք մկնիկն եք, իսկ նա կատուն է, որը պետք է բռնի ձեզ: Բացատրեք, որ մկներն ասում են «պի-պի», իսկ կատուները՝ «մյաու»: Նստեք հատակին, կրկնեք՝ «Չես բռնի, չես բռնի»: Արագ սողացեք, չոչեք՝ ստիպելով երեխային հետապնդել ձեզ: Ընթացքում փոխեք դերերը:
4․ Գույնզգույն բաժակներ
Երեխային հետաքրքրում է ինչպես առարկաներով գործողություն կատարելը, այնպես էլ դրանց միջև համեմատականներ տանելը՝ մեծ է, թե փոքր, լիքն է, թե դատարկ, ինչ գույն ունի: Ծնողը կարող է ընտրել հինգ տարբեր չափերի գույնզգույն բաժակ: Դնում է բաժակները գորգին, երեխայի հետ շարում գավաթներն իրար վրա՝ կառուցելով աշտարակ: Կառուցելուց հետո քանդում են միասին: Ծնողը պետք է խոսի ողջ ընթացքում, նկարագրի՝ ինչ են անում, հնարավորություն տա բալիկին ինքնուրույն բռնել, վերցնել, մեկը մյուսի մեջ հագցնել, դնել, հավաքել:
5․ Քիթիկն ու այտերը
Բալիկը կարող է ցույց տալ մարմնի որոշ մասեր՝ քիթը, բերանը, աչքերը, եթե անընդհատ մատնանշեք և սովորեցնեք: Մայրիկը կարող է բալիկի հետ մոտենալ հայելուն, նայել արտացոլանքին, ձեռք տալ իր կամ բալիկի դեմքի մասերին, խաղի տոնով ասել հետևյալը՝
Քիթ, քիթ,
Ո՞ւր ես, քթի՛կ:
Բերան, բերան,
Որտե՞ղ ես, բերա՛ն։
Այտեր, այտեր,
Որտե՞ղ եք, ա՜յ դուք այտեր:
Սա ասելիս ժպտում է բալիկին, ավարտելուց հետո գովաբանում և խոսում այն մասին, թե որքան գեղեցիկ է մանկիկը:
6․ Ֆոտոալբոմ
Սիրու՞մ եք թերթել ընտանեկան ալբոմներն ու նայել լուսանկարները, պարուրվել քաղցր հիշողություններով: Նման պահերին փոքրիկին նստեցրեք ձեր կողքին: Երեխային ցույց տվեք ընտանիքի անդամների լուսանկարները, ստուգեք նրա արձագանքը, տեսեք՝ նա կճանաչի՞ մայրիկին, հայրիկին, տատիկին, պապիկին: Շրջելով ալբոմի էջերը՝ խնդրեք երեխային, որ ցույց տա հայրիկին, գովաբանեք ճիշտ պատասխանների համար: Երեխաները սովորաբար ուրախ ձայներ են արձակում, հրճվում, երբ տեսնում են ծանոթ դեմքեր:
«Ֆոտոալբոմ» խաղի նպատակը փոքրիկի հաղորդակցման հմտությունների զարգացումն է, խոսքի ընկալումը, լուսանկարների միջոցով հարազատների ճանաչումը: Լուսանկարները դիտելիս դուք կարող եք կարդալ բանաստեղծություններ ընտանիքի անդամների մասին: Օրինակ՝ եթե տեսնում եք տատիկին, կարդացեք բալիկի համար տատիկի վերբերյալ բանաստեղծություն:
7․ Կենդանիների ձայներ
Երեխայի խոսքը զարգացնելու և ճանաչողության սահմաներն ընդլայնելու նպատակով կարելի է ցանկացած առօրյա գործողություն զուգակցել երաժշտության հետ, վերածել խաղի: Այսպես՝ ներքևում նշված տողերը կօգնեն փոքրիկին այդ առումով, եթե դրանք ասելիս ավելացնեք մի փոքր դերասանական շունչ:
Երկու կատու,
- Մյաու՜-մյաու՜:
Երկու շուն,
- Հա՜ֆ-հա՜ֆ:
Երկու բադիկ,
- Կրյա՜-կրյա՜:
Երկու հորթ,
- Մու՜- մու՜:
Երկու գորտ,
- Կվա՜-կվա՜․․․