Ե՞րբ փոխարինել կրծքով կերակրումը հավելյալ սննդով

6-12ամիս

0-6 ամսական երեխայի լավագույն սնունդը կրծքի կաթն է՝ յուրահատուկ և հավասարակշռված բաղադրությամբ։

Վեց ամսականից սկսած փոքրիկն ունենում է այլ կերակրատեսակների պահանջ, որոնք ներմուծվում են ռացիոն աստիճանաբար, կանոնների պահպանմամբ ու համատեղվում կրծքով կերակրման հետ։ Մայրիկի համար հավելյալ սննդի ներմուծումն, անշուշտ, ակնառու իրադարձություն է: Ծնողը կարծում է՝ լրացուցիչ սննդի հայտնվելուն պես կրծքով կերակրման հաճախականությունը ենթարկվելու է փոփոխության և նվազեցվելու է: Ե՞րբ  է իսկապես հնարավոր կրծքով կերակրումը փոխարինել լրացուցիչ սննդով:

Մանկաբույժ Արփինե Հովակիմյանը հավաստում է, որ մինչև 12 ամսականը փոքրիկի հիմնական սնունդը շարունակում է մնալ կրծքի կաթը (կաթնախառնուրդը)։ Հավելյալ սնունդ առաջարկելն ու կրծքով կերակրումը դառնում են զուգահեռ, իրար փոխլրացնող գործընթացներ։ Սկզբնական շրջանում, երբ երեխան դեռևս նոր է սկսել հավելյալ ընդունելը, կրծքով կերակրումը կրճատելու անհրաժեշտություն չկա: Փոքրիկին շիլաները և  խյուսերը տրվում են փոքր չափաբաժնով, իսկ դա բալիկի քաղցը հագեցնելու համար չէ: Ներմուծելով հավելյալ սնունդ՝ մայրիկը հետևում է երեխայի մարմնի արձագանքին, կարիքներին, ծանոթացնում  տարբեր համերի ու ձևերի հետ, առաջացնում բալիկի մոտ սննդային հետաքրքրություն։ Հագեցման խնդիրն առաջ է մղվում առավել մեծ տարիքում։ Բնականաբար, որքան երեխան մեծանում է, նրա մարսողական համակարգը կատարելագործվում է, սննդակարգը դառնում է «խայտաբղետ», ընդլայնվում է բանջարեղենային և մսային խյուսերի չափաբաժինը։ Մինչ այդ կրծքի կաթն օգնում է նվազագույնի հասցնել աղեստամոքսային տրակտի ծանրաբեռնվածությունը, յուրացնել ստացածը։ Կյանքի առաջին տարում, ի միջի այլոց, բալիկն ունենում է ծծման ռեֆլեքսը բավարարելու ընդգծված պահանջ, որն ապահովվում է կրծքով կերակրման դեպքում: Փոքրիկն, այդպիսով, հանգստանում է, կրծքով կերակրումը թողնում է բարենպաստ ազդեցություն նրա նյարդային համակարգի ու հոգեկան վիճակի վրա: Եթե մայրիկը որոշում է հենց սկզբից կրճատել կերակրումները, բալիկի համար իրավիճակը կարող է անսովոր և նույնիսկ սթրեսային լինել: Երեխան կարծես փնտրի կուրծքը, իսկ նրա խնդրանքին չարձագանքեն:

Կրծքի կաթով կերակրման փոխարինումը հավելյալ սննդով կատարվում է սահուն և աստիճանական կերպով։ ժամանակի ընթացքում երեխան ավելի շատ պինդ սնունդ է ուտում՝ միաժամանակ նվազեցնելով կրծքի կաթի օգտագործման հաճախականությունն ու տևողությունը։ Հավելյալ սննդի աճի հետ մեկտեղ կերակրումների քանակն ինքնըստինքյան նվազում է: Պետք է հաշվի առնել՝ որքան շուտ է կրճատվում կերակրումների քանակն, այնքան արագ է մոր օրգանիզմն ազդանշան ստանում լակտացիան դադարեցնելու մասին: Մասնագետը շեշտում է՝ մեկ տարեկանից հետո կրծքով կերակրման բնույթը կախված է մայրիկի և բալիկի ցանկությունից: Այդ տարիքից ի վեր երեխան օգտագործում է վիտամիններով հարուստ կաթնամթերք, մի փոքր ուշ կովի կաթ (այս կաթի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 300-400 մլ-ն)։