Աստղիկների և տառերի տեսքով, բարակ և կիսալուսնաձև, կլոր ու կարճ, աղեղնաձև․ խոհանոցի պահարանում հնարավոր է գտնել մակարոնի զանազան տեսակներ, որոնցով մայրիկը կարող է համեղ կերակուրներ պատրաստել ու հաճելիորեն զարմացնել իր փոքրիկին: Մնում է պարզել՝ ո՞ր տարիքից է կարելի բալիկին մակարոնն առաջարկել, ի՞նչ տարբերակով անել դա, և ո՞ր դեպքում սահմանափակել կիրառումը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Սոնա Եգանյանն ասում է, որ երեխաների մոտ մակարոնի փորձարկման պրոցեսի սկիզբը դրվում է 9 ամսականից հետո, դրանից ոչ շուտ: Թույլատրվում է մակարոնը ներառել բալիկի ապուրների մեջ: Նրան այն կարելի է առաջարկել նաև խյուսի տեսքով ու համադրել ծանոթ բանջարատեսակների՝ բրոկկոլիի, ծաղկակաղամբի, գազարի հետ: «Անհրաժեշտ է համոզվել, որ մակարոնը բավականաչափ եփված է և փափուկ: Կտորներով տալու պարագայում հարկավոր է մանրացնել: Դրանով կանխում ենք խեղդվելու վտանգը»,- շեշտում է մասնագետը:
Պետք է անպայման նկատի ունենալ՝ մակարոնն ունի ածխաջրերի բարձր պարունակություն և պատրաստվում է տարբեր հումքերից, օրինակ՝ կոշտ ցորենից, բրնձից, գարուց, հնդկացորենից։ Մակարոնի ընտրության ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել հիմնական բաղադրիչին, որպեսզի ալերգիկ ռեակցիայի հավելյալ պատճառ չդառնա: Ալերգիկ ռեակցիայի դրսևորումներ են համարվում սրտխառնոցը, փսխումը, ցանը, լուծը: Երեխաները, որոնք ունեն ցորենի հանդեպ անհանդուրժողականություն, չպետք է ուտեն մակարոնեղեն: Միգուցե մակարոնը ներառվի նրանց սննդակարգում ավելի ուշ, երբ մայրիկը խոսի մանկաբույժի հետ և ստանա ցուցումներ: