Ինչու՞ են դողում փոքրիկի ծնոտը կամ ձեռքեր/ոտքերը և ե՞րբ է պետք դիմել մանկաբույժի

6-12ամիս

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Սոնա Եգանյանի հետ։ 

Ծնողներին հաճախ անհանգստացնող երևույթներից մեկը նորածնի որևէ մարմնամասի դողն է: Բայց իրապես պե՞տք է վախենա մայրիկը, օրինակ,  երեխայի կզակի կամ ձեռքերի դողը նկատելիս: Հարկավոր է առաջին հերթին իմանալ, որ այս փուլում երեխաների նյարդաբանական համակարգը լուրջ փոփոխությունների է ենթարկվում։ Բալիկների մեծամասնության պարագայում կզակի կծկումը սովորական ռեֆլեքս է, որը չի հանգեցնում ցավի և անհանգստության: Ու քանի որ կյանքի առաջին երկու տարիների ընթացքում փոքրիկի ուղեղն ու կենտրոնական նյարդային համակարգն ապրում են մեծ զարգացում, գերակտիվ ռեֆլեքսները կարող են հանգեցնել կզակի և ստորին շրթունքի դողի, վերջույթների ցնցումների՝ օրական մի քանի անգամ: Նյարդային համակարգի զարգանալուն զուգընթաց արգելակող ազդանշանները հասունանում են, ու անհանգստությունն անհետանում է: Երբեմն-երբեմն դող առաջացնող ազդակները պայմանավորված են լինում նորէպինեֆրին (նորադրենալին) կոչվող հորմոնով, որն արտազատում է երեխայի օրգանիզմը՝ ի պատասխան սթրեսի: Երբ նորէպինեֆրինի մակարդակը նվազում է, փոքրիկի կզակի, շրթունքի դողի հաճախականությունը նույնպես իջնում է:

Կրծքով կերակրումը մեկ այլ հնարավոր բացատրություն է ծնոտի դողի համար: Չնայած կրծքով կերակրումը գնահատվում է որպես պարզ գործընթաց, սակայն իրականում պահանջում է լեզվի, ծնոտի, կոկորդի, շուրթերի և դեմքի մկանների մի շարք շարժումներ: Հատկապես հավանական է, որ սկզբնական շաբաթների ընթացքում բալիկի ծնոտը դողա մկանային հոգնածության պատճառով: Կզակի մկանային դողի այլ պատճառներից են A ու D վիտամիների պակասը, հիպոգլիկեմիան (արյան մեջ շաքարի ցածր մակարդակ), հիպոթերմիան (մարմնի ջերմաստիճանի հանկարծակի անկում): Նման դեպքերում անպայման պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ:

Կզակի դողը հարկ է համարել նորմալ, եթե մկանային ռեֆլեքսները պահպանված են կաթնախառնուրդով կամ կրծքով կերակրման ժամանակ, շնչառությունը և քունը կանոնավոր են: Այնուամենայնիվ, առավել ցայտուն ցնցումները, որոնց պարագայում ավելի մեծ մկանային խմբեր են կծկվում, չպետք է անտեսվեն: Դա կարող է լինել լուրջ նյարդաբանական վիճակի կլինիկական արտահայտություն: Անհրաժեշտ է ուշադիր լինել ծնոտի դողի հանդեպ, եթե այն ուղեկցվում է քնի ու շնչառության դժվարությամբ, անսովոր վարքագծով և լռությամբ, սոցիալական փոխազդեցության նշանների կորստով, օրինակ՝ ժպտալու, աճի և զարգացման խանգարմամբ: Այսպիսի դեպքերում ևս ճիշտ է խորհրդակցել բժշկի հետ: Հիշենք, որ կզակի մկանների սպազմը, լինելով նորածնի շարժիչ զարգացման բնորոշ մաս, պետք է տևի ընդամենը մի քանի ամիս: Հազվադեպ մանկական ցնցումները կամ մկանների սպազմը կարող են շարունակվել մինչև 4 տարեկան: