Ի՞նչ է իրենից ներկայացնում երեխայի սնուցման ԲԼՎ մեթոդը և ո՞ր դեպքում պետք է այն կիրառել

6-12ամիս

Հավելյալ սննդի ներմուծման եղանակներից ավանդական տարբերակը մայրիկների կողմից ամենից շատ կիրառվողն է: Այդ պարագայում վեց ամսականից հետո երեխայի ռացիոնում քիչ-քիչ ավելացվում է այլ տեսակի սնունդ՝  հիմնականում սկսելով շիլաներից: 

«ԲԼՎ մեթոդի դեպքում արդեն սնունդը տրվում է երեխայի առաջնորդությամբ, շիլաների փուլից անմիջապես անցում են կատարում մանր, առանձին-առանձին կտորներով ուտելիքի։ Ծնողը կարող է առաջարկել, դնել սեղանին նախընտրելին, իսկ փոքրիկն ուտի այն, ինչ ցանկանում է և որքան ուզում է»- ասում է մանկաբույժ Հասմիկ Վարդանյանը:

Մասնագետի խոսքով՝ ծնողը պետք է բոլոր դեպքերում պատրաստ լինի նրան, որ երեխային հետաքրքրելու է սնունդը, վերջինս փորձելու է ձեռքերով շոշափել այն, ճզմել ու գցել հատակին, մոտեցնել բերանին, հետո թափել:  Մայրիկը պետք է ուշադիր լինի և վստահ, որ բալիկը պատրաստ է ԲԼՎ մեթոդին: Օրինակ` տեսնի, որ փոքրիկը գլուխը և պարանոցը լավ պահում է, ինքնուրույն նստում է, հետաքրքրություն է ցուցաբերում սննդի նկատմամբ, զննող հայացքով նայում է մյուսի ափսեի մեջ, ուտելու ձևին, ձեռքը մեկնում է ուտելիքին, երբ սնունդ են առաջարկում, լեզվով չի հրում, այլ ցանկանում է փորձել: Բնականաբար, կան սննդատեսակներ, որոնցից հարկավոր է  խուսափել սկզբնական շրջանում: Օրինակ` մանր հատիկավորներ, ընդեղեն, պնդուկ, ընկույզ, ոլոռ, սիսեռ: Կան մթերքները կտրատելու հատուկ ձևեր, որոնք նվազեցնում են խեղդվելու հավանականությունը: Թեկուզ գազարը կարելի է կտրել երկարությամբ, ոչ թե կլոր-կլոր, խաղողը մեջտեղից կիսել, հետո տալ երեխային: 

Անկախ նրանից՝ ինչ ձևով կլինի հավելյալ սննդի ներմուծումը, սնունդն ընդունելու պրոցեսը պետք է լինի միշտ հաճելի և ոչ հարկադրանքով:  Ընդհանրապես, երեխային ստիպելով կերակրելը սխալ է, որովհետև փոքրիկի մոտ կարող է առաջանալ հակակրանք ուտելիքի և ուտելու պրոցեսի նկատմամբ: Անհրաժեշտ է բալիկի համար օրվա տարբեր ժամերին պատրաստել թարմ ուտելիք թարմ մթերքներից և անպայման մաքուր ձեռքերով: