Մենք՝ հայերս, սիրում ենք հաճախ համբուրել երեխաներին։ Կարելի՞ է այդչափ հաճախ համբուրել փոքրիկներին, վարակների փոխանցման առումով ի՞նչ ռիսկեր կան և ի՞նչ վարքականոն պետք է ունենան նորածնի ընտանիքի անդամները՝ այս և այլ հարցերի պատասխանները «Իմ փոքրիկ»–ը փորձել է պարզել «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբույժ Կարինե Ալեքյանի օգնությամբ։
- Ո՞ր տարիքից է կարելի համբուրել երեխային։
- Որպես այդպիսին, հստակ տարիք նշել չեմ կարող։
- Հայկական միջավայրում ընդունված է համբուրել փոքրիկի թաթիկները՝ կարծելով, որ այդպես ավելի անվտանգ է։ Ի՞նչ կասեք այս մասին։
- Հաշվի առնելով, որ ծնողները, տատիկ–պապիկները երեխաներին շատ հաճախ սիրում են համբուրել շրթունքներից ու այտերից, թաթիկները համբուրելը համեմատաբար անվտանգ է։ Բայց պետք է նշեմ, որ նույնիսկ թաթիկները ցանկալի չէ համբուրել, քանի որ երեխան անընդհատ բերանն է տանում հենց թաթիկները, հետևաբար եթե մեծահասակի մոտ կան վիրուսային հիվանդություններ, օրինակ՝ գրիպ կամ այլ բան, դրանք հեշտությամբ կարող են փոխանցվել երեխային։
- Խնդրում եմ՝ մանրամասնեք՝ ի՞նչ վիրուսներ կարող են փոխանցվել համբույրի միջոցով։
- Երեխան կարող է վարակվել գրիպի տարատեսակերով, սուր շնչական վարակներով և ոչ միայն։
- Հնարավո՞ր է, արդյոք, համբույրից հետո չեզոքացնել վիրուսի փոխանցման վտանգը։
- Եթե համբուրողը վիրուսակիր է, կանխելու հավանականությունը շատ քիչ է։ Այս դեպքում վարակվելու հավանականությունը 50/50 է։
- Ի՞նչ խորհուրդ կտաք նորածին ունեցող ընտանիքին այս առումով։
- Պարզապես պետք է պահպանել հիգիենայի կանոնները, իսկ երեխային հաբուրելը արդեն հիգիենիկ չէ և համարվում է հիգիենայի կանոնների խախտում։
Հեղինակ՝ Մոնիկա Մամյան