Ինչու՞ է երեխան գիշերը հաճախ լաց լինում. խորհուրդներ ծնողներին  

Խնդիրներ

Ինչու՞ է երեխան գիշերը հաճախ լաց լինում:

Ծանո՞թ խնդիր է: Ուրեմն՝ այս հոդվածը Ձեզ համար է:

Ծնողների համար երեխայի մինչև մեկ տարեկանը շատ բարդ ժամանակահատված է: Ծնողների կյանքի և օրվա ռիթմը փոխվում է, նրանք դադարում են ապրել առօրյա կյանքով: Անդադար լացը, բղավոցը, այն էլ՝ գիշերային ժամերին, հանգիստ չեն տալիս ընտանիքի բոլոր անդամներին: Ի՞նչ անել:

Եկեք հասկանանք հիմնական պատճառները, թե ինչու է երեխան լալիս գիշերը

  1. Երեխայի մոտ խառնված են օրվա ժամերը: Նա խաղում է, աշխույժ է գիշերը, քնում է ցերեկը:
  2. Երեխան վախենում է միայնակ քնել:
  3. Հնարավոր է՝ երեխայի որևէ տեղն է ցավում:
  4. Գուցե երեխայի համար անհարմար է սենյակի օդի ջերմաստիճանը՝ ցուրտ է, շոգ է:
  5. Երեխան քաղցած է:

Թվարկված պատճառներից հիմնականը ժամանակավոր է: Շատ կարևոր է հասկանալ պատճառն ու օգնել երեխային, այդպիսով՝ նաև Ձեզ:

Ինչպե՞ս պայքարել գիշերային լացի դեմ.

  • Որոշ ժամանակ քնեք երեխայի կողքին: Համատեղ քունը շատ կարևոր է: Երեխան պետք է զգա իրեն ապահով: Երբ երեխան քաղց զգա, Դուք նրա կողքին կլինեք և անմիջապես կկերակրեք: Իսկ եթե զգաք, որ մրսում է կամ շոգում, կօգնեք նրան:
  • Սովորաբար 4 ամսականից հետո երեխաները զգում են ցավ բերանում, բարձրանում է ջերմությունը, և այս ամենը պայմանավորված է ատամիկների ի հայտ գալով: Օգտագործեք հատուկ հարմարանքներ՝ ցավը մեղմացնելու համար:
  • Հաճախ լացի պատճառ է փորիկի ցավը: Բժշկի նշանակմամբ՝ օգտագործեք հատուկ թեյեր, լուծույթներ, որոնք կօգնեն պայքարել գազիկների դեմ:
  • Հաճախ երեխայի համար հարմար չէ անկողինը, կոշտ է սպիտակեղենը: Փոխեք այն:

Եթե այս ամենից հետո էլ երեխան գիշերն անդադար լաց է լինում, բարձր բղավում է, չի հանգստանում, դիմեք բժշկի: Ժամանակին կանխեք այլ պատճառները:

Ավելի մեծ տարիքի երեխաների մոտ կարող են լինել հետևյալ պատճառները.

  1. Գուցե օրվա ընթացքում նա տպավորվել է որևէ բանից: Նույնիսկ դրական էմոցիաները կարող են անքնության ու լացի պատճառ դառնալ: Օգնեք նրան խուսափել նյարդային գերլարվածությունից:
  2. Երեխան վատ երազ է տեսել: Հանգստացրեք նրան ու բարի հեքիաթ պատմեք: Կարող եք այդ օրը նրա կողքին քնել:
  3. Երեխան կարոտում է մայրիկին ու հայրիկին: Սա շատ ակտուալ հարց է մեր օրերում: Աշխատեք ավելի հաճախ խաղալ, շփվել երեխայի հետ:

Ինչպես տեսնում եք, շատ դեպքերում գիշերային լացի խնդիրը հաղթահարելի է: Զինվեք համբերությամբ ու փորձեք հասկանալ դեռ անբարբառ Ձեր երեխային:

 

Աղբյուրը՝ vospitaj.com