Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:
Ի՞նչ է դիաթեզը:
Դիաթեզը (ինչ-որ բանի հակում, հակվածություն ) ոչ թե հիվանդություն է, այլ նախահիվանդագին վիճակ: Դիաթեզը կլինիկական վիճակ է, որն սկսվում է վաղ նորածնային շրջանում և շարունակվում կյանքի առաջին տարիների ընթացքում: Այսինքն, մինչև մարսողական բոլոր պրոցեսների` ստամոքս-աղիքային համակարգի ֆերմենտային ակտիվության, բակտերիալ ֆլորայի ձևավորումը և մարսողական` ներծծման պրոցեսների լիարժեք կարգավորումը:
Դիաթեզը նախահիվանդագին վիճակ է, որը կարող է ինքնիրեն վերանալ կամ վերածվել որևէ ալերգիկ հիվանդության:
Ինչպե՞ս է արտահայտվում:
Արտահայտման ակնառու ձևը ատոպիկ դերմատիտն է: Նորածնային շրջանում արտահայտվում է մաշկի փշոտությամբ, այտերի կարմրությամբ, գլխի մազածածկ մասերում կեղևների առաջացմամբ (գնեյս), որոնք հատկապես արտահայտված են լինում մեծ գաղտունի շրջանում։
Դիաթեզի ամենավատ տեսակը, որը կարող է բարդություններ առաջացնել, էքսուդատիվ-կատառային դիաթեզն է, երբ կարմրած մաշկը սկսում է ճաքճքել, արտադրություն դուրս գալ, որը վտանգավոր է վարակի զարգացման առումով: Վերջինս կլինիկական լուրջ վիճակ է, և մասնագետների հսկողության կարիք ունի. դրանով զբաղվում են ալերգոլոգները:
Որո՞նք են առաջացման պատճառները:
Առաջանում է աղիքներում ոչ լիարժեք ներծծման գործընթացների խախտման հետևանքով: Մեծ մոլեկուլյար սպիտակուցները, վաղ շրջանում ֆերմենտային ակտիվության թույլ լինելու կամ բացակայության պատճառով, լիարժեք չեն ճեղքվում և այդպես ներծծվելով արյան մեջ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ:
Դիաթեզի հետևանքով լորձաթաղանթները և մաշկի անոթներն ակտիվանում են, դառնում են ավելի արտահայտված, ինչպես նաև լորձաթաղանթները և մաշկը գրգռված վիճակում են լինում և ավելի անկայուն պաշտպանական առումով, հետևաբար այնտեղից վարակներ կարող են ներթափանցել օրգանիզմ:
Ինչպե՞ս կանխարգելել:
Կարծում եմ` կարելի է կանխարգելել` հաշվի առնելով օրգանիզմի առանձնահատկությունները:
Նորածնային դիսբակտերիոզի դեպքում նորածնի աղիքներում կառուցվածքային բակտերիալ դաշտի ոչ լիարժեք զարգացվածությունը և ֆերմենտային նվազ ակտիվությունը բերում են մարսողական գործընթացների խանգարման և այդ պատճառով է, որ նորածինների մոտ սկսում է դիաթեզ:
Ինչպե՞ս բուժել:
Քանի որ հիվանդություն չէ, պետք չէ բուժել: Հաճախ մայրիկներն իրենք են գտնում բուժման ձևերը, եթե մեծ տարիքի երեխա է, սկսում են դիետա սահմանել, եթե փոքր տարիքի է, ապա իրենք իրենց համար են սահմանում դիետաներ` հրաժարվելով կծու, թթու, գրգռող, ցիտրուսային մթերքներից, շոկոլադից և այն ամենից, ինչը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա:
Ինչպե՞ս սնել փոքրիկին:
Կրծքով կերակրվող երեխաների դեպքում մայրը պետք է հետևի սննդակարգին և հակաալերգիկ սնունդ օգտագործի: Ինքնուրույն սնվող երեխաների դեպքում պետք է ուշադիր լինել, քանի որ կա ալերգեն սննդատեսակների շարք` ցիտրուսներ, շոկոլադ, կիսասինթետիկ սնունդ, որոնցից պետք է հրաժարվել:
Շատ ավելի բարդ է, երբ օրգանիզմը չի յուրացնում կաթի սպիտակուցը, որի դեպքում ցանկացած կաթից ալերգիա կա: Հետևաբար պետք է հրաժարվել կաթնային սնունդից:
Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ:
Կարող են առաջանալ մաշկային կառուցվածքի խախտումներ, փոփոխություն, վարակների զարգացում: Երեխայի համար տհաճ երևույթ է, անհանգստացնում է քորը:
Նախկինում օգտագործում էին տեղային հորմոնալ պրեպարատներ: Այժմ հրաժարվում ենք հորմոնալ քսուքներից: Կան տեղային օգտագործման հորմոնալ պրեպարատներ, դրանցից են Տոպիկրեմ, Էլոկոմ պրեպարատներըը, վերջինն ունի նաև հակաբակտերիալ ազդեցություն: