Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։
Այս ժամանակահատվածը ամենահագեցածն է այն առումով, որ ծնողն արդեն իր գրեթե ամբողջ ժամանակը պետք է հատկացնի երեխային՝ նրա հետ խաղալու, կերակրելու, զբաղվելու ու զբոսնելու համար:
Ծնողը շատ զգույշ պետք է լինի՝ հաշվի առնելով վտանգները, որոնք շրջապատում են երեխային, ինչպես նաև նրա՝ օր օրի աճող հետաքրքրասիրությունը: Շարժողական մեծ ակտիվությունը կարող է այս տարիքում վտանգավոր լինել, քանի որ երեխան կարողանում է արդեն ինքնուրույն տեղաշարժվել, չոչ անել, հասնել մինչ այդ իր համար անհասանելի տեղեր։
Ի՞նչ պետք է կարողանա անել 9-12 ամսական երեխան և ո՞ր դեպքում է պետք անհանգստանալ։
Երեխան այս տարիքում սկսում է շրջապատի հետ ավելի հետաքրքիր շփում ունենալ, արդեն կարողանում է ձեռքով բարև կամ հաջողություն ասել, խաղում է, ծափիկ-ծափիկ անում: Ինքնասպասարկման ոլորտում նույնպես զարգացումը նկատելի է դառնում՝ կարողանում է ինքնուրույն ուտել, բռնել գդալի պոչից և տանել բերանը, ինչպես նաև դիմադրել, երբ փորձում են ձեռքից խլել խաղալիքը:
Ֆիզիկական ի՞նչ ակտիվություն ունի երեխան այս տարիքում և ինչպե՞ս է այն դրսևորվում։
Այս տարիքում երեխան հասկանում է մի քանի բառ՝ «չէ», «արի», «տուր» և այլն: Եվ սրանք ամենակարևոր բառերն են, որոնց միջոցով պետք է շփում սկսել նրա հետ: