Ամռանը երեխային գուլպա հագցնելու կարիք կա՞, թե՞ ոչ

6-12ամիս

«Իմ փոքրիկ»-ը մանկաբույժ Էլիզա Առաքելյանի օգնությամբ պարզել է՝ նպատակահարմա՞ր է ամռանը երեխային գուլպա հագցնելը, և ի՞նչ հետևանքների սպասել շոգ պայմաններում բալիկին գուլպա հագցնելուց հետո:

Առհասարակ, 26°C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում փոքրիկները մնում են  մեկ շերտ հագուստով (կարճաթև բոդի): Շոգ եղանակային պայմաններում երեխային ավել հագցնելը բերում է գերտաքացման, որը վտանգավոր է: Մեծահասակներին, իհարկե, կարող է շփոթեցնել փոքրիկի վերջույթների սառնությունը, բայց տվյալ հանգամանքի վրա կենտրոնանալ պետք չէ: Բալիկների վերջույթների նյարդերն ու անոթները լիակատար զարգացած չեն, և վերջույթները բնականորեն լինում են ավելի սառը: Դա նրանց առանձնահատկությունն է, ոչ թե գուլպաներ հագցնելու, այսպես ասած, փաստարկ: Երկրորդ հերթին, ինչպես մանկիկի ձեռքերն է անհրաժեշտ բաց թողնել, այնպես էլ ոտքերը: Մեծ տարիքի երեխաներին արդեն խորհուրդ է տրվում հաճախակի ոտաբոբիկ, առանց գուլպաների քայլել, քանի որ ոտաբոբիկ ման գալն օգտակար է:   

Հաշվի առնենք, որ ծնողները երբեմն գուլպա են հագցնում երեխային, որպեսզի նրանց ոտքերը չկեղտոտվեն: Նման իրավիճակում նախընտրությունը հարկավոր է տալ բամբակյա գուլպաներին ու ֆիքսել՝ որքան քիչ շերտ կրի բալիկը, այնքան լավ: Այն երեխաները, որոնց փոքր տարիքից շատ են հագցնում, համեմատաբար ցածր իմունիտետ են ունենում և դրսևորում զգայունություն  հիվանդությունների հանդեպ: