Փորկապություն. ախտանիշները և բուժումը

Խնդիրներ

Տարբեր երեխաներ տարբեր հաճախականությամբ են կղում: Եզակի դեպքերում դա կարող է տեղի ունենալ 2-3 օրը մեկ անգամ. սա դեռևս չի նշանակում, որ փոքրիկը փորկապություն ունի:

Եթե երեխան ժամանակին չի կղում, ապա կղանքը չորանում և կարծրանում է, գործընթացը դառնում է  ցավոտ և տհաճ: Երեխան սկսում է դիտավորյալ կղանքը պահել, որն ավելի է բարդացնում իրավիճակը: Այդպես ավելի հաճախ են վարվում   2-5 տարեկան երեխաները, երբ փորձում են դառնել ինքնուրույն և օգտվել զուգարանից: Եթե երեխան անընդհատ կղանքը պահում է, ապա նա հետագայում կարող է կղելու ցանկություն չունենալ այնքան, մինչև կղանքի մեծ զանգված կուտակվի, և առանց հոգնայի կամ լուծողականի գործընթացն  անհնարին կդառնա:

Փորկապությանը բնորոշ են նաև հետևյալ նշաները`

  • Գլխացավ
  • Ախորժակի անկում
  • Կապտուկներ աչքերի տակ

Փորկապության մասին խոսում են, երբ առկա են հետևյալ ախտանիշները. 

  • Նորածինը օրը մեկ անգամից ավելի հազվադեպ է կղում, կղանքը ձևավորված է:
  • Ավելի մեծ երեխայի կղանքը ձևավորված է` կարծր, սովորական` 1-2 օրը մեկ:
  • Ցանկացած տարիքում կղումը ցավոտ է, կղանքը` չոր և կարծր:
  • Որովայնի շրջանի ցավերը նվազում են մեծ քանակությամբ արտաթորանքից հետո:
  • Կղանքում կարող ե լինել թարմ արյան բծեր:
  • Որպես բարդություն, կղումների միջև ընկած ժամանակամիջոցում ներքնահագուստը կեղտոտվում է արտաթորանքի փոքր քանակներով:

Բուժումը

Թեթև և միջին ծանրության փորկապության դեպքում երեխային բջջանյութով հարուստ մթերքներ տվեք, օրինակ` մրգեր և բանջարեղեն, այդ թվում` սալոր կամ սալորաչիր, ծիրան, չամիչ, սիսեռ, լոբի, հաց, հացազգիների ամողջական հատիկներ և այլն:

Որպեսզի փորկապություն չլինի, երեխային վարժեցրեք զուգարան գնալուն կամ գիշերանոթին նստելուն: Հորդորեք, որ նա ամեն օր նստի այնքան, մինչև կղի (մոտ 15 րոպե), և հաջողության դեպքում` գովեք:Ամեն օր կղելը պետք է երեխայի համար սովորություն դառնա:

 

Նյութում օգտագործվել են տեղեկություններ «Մեկից երեք տարեկան երեխայի խնամքը» գրքից, Հայաստան, 2002թ.

Գովազդ