Ինչպե՞ս հաղթահարել երեխայի՝ գրկում քնելու սովորությունը. ներկայացնում է հոգեբանը

Խնամք

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կետնրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։

- Շատ մայրիկներ նշում են, որ օրորոցում պառկեցնելուց անմիջապես հետո երեխան արթնանում է։ Ո՞րն է պատճառը։

- Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մայրիկները երեխային սովորեցնում են իրենց գրկում կամ իրենց մոտ՝ ոչ օրորոցի մեջ քնելուն։ Մայրիկները կամ տան անդամները հաճախ երեխային դնում են ծածկոցների մեջ ու փորձում քնեցնել այդպես։ Եվ, բնականաբար, երբ տեղաշարժում ես երեխային, արդեն անհանգստություն է առաջանում նրա մոտ, և արթնանում է։


- Իսկ հնարավո՞ր է երեխային սովորեցնել հակառակը, այսինքն՝ հետ վարժեցնել գրկում քնելուց։

- Հետ վարժեցնելու համար առաջինը հարկավոր է, որ մայրիկները գիտակցեն՝ երեխայի համար շատ ավելի հարմարավետ է քնել և արթնանալ իր անկողնում, քան իրենց գրկում։ Հենց այդ ցանկությունը՝ գրկել բալիկին և քնեցնել գրկում, չի թողնում հետ վարժեցնել փոքրիկին։ Նպատակադրումից հետո արդեն, երբ մոտենում է երեխայի քնի ժամը, պետք է երեխային պառկեցնել օրորոցի մեջ։ Եթե երեխան թնկթնկում է, հարկավոր է նրան շոյել, երգել նրա համար և խոսել նրա հետ, բայց հանգստացնող տոնով։ Այսինքն՝ կատարել այն ամենը, ինչը կնպաստի, որ գրկին վարժված երեխան ցանկանա մնալ անկողնում։ Հնարավոր է՝ երեխան թնկթնկա ու փորձի վեր կենալ։ Մայրը պետք է շատ խնամքով, ժպիտով նորից պառկեցնի, շոյի գլուխը (երեխաները սիրում են, երբ իրենց շոյում են)։ Եվ այդպես հանգստացնող գործողություններով կարողանա նրան քնեցնել։ 
 

- Օրորոցում պառկել չցանկանալով՝ ի՞նչ պահանջ է արտահայտում փոքրիկը։

- Մայրիկը, իհարկե, պետք է ուշադիր լինի, քանի որ գուցե այդ ժամանակ երեխան ունի այլ պահանջմունք։ Իհարկե, մշտապես պետք է հասկանալ՝ ինչ պահանջմունք ունի երեխան։ Եթե երեխայի այդ վարքը պարբերական բնույթ է կրում, ուրեմն՝ ընդամենը դարձել է սովորություն։ Հնարավոր է նաև, որ երեխան, օրինակ, վախեցած է, օրինակ, տան կոնֆլիկտային իրավիճակների պատճառով։ Սովորությունն այդպես դառնում է պահանջ։ Դա մայրիկների սովորեցրած ձևն է, որն էլ արդեն վերածվել էպահանջի։ 
 

- Եթե երեխան լաց է լինում, ծնողները պե՞տք է նորից գիրկն առնեն կամ տեղափոխեն իրենց անկողին

- Հնարավոր է՝ մայրիկները մտածեն՝ երեխան շփման կարիք ունի, իրենց է ուզում, բայց հիմնականում, քանի որ արդեն դարձել է սովորություն, երեխան ակամա ձգտնում է օրորոցից դուրս գալ կամ քնել մայրիկի գրկում։ Բնականաբար, յուրաքանչյուր երեխա սիրում է, երբ զգում է իր մայրիկի հոտը, իրենօրորում են, բայց դա չի համարվում քնեցնելու լավագույն տարբերակը։ Լավագույն տարբերակն է պառկեցնել երեխային իր քնելու տեղում և առանց օրորելու քնեցնել։ Երբ սովորություն ենք ձևավորում անընդհատ այլ տեղերում կամ գրկում քնեցնելով, արդեն խախտվում է երեխայի քունը։ Դրան զուգահեռ խախտվում է նաև մայրիկների քունը, և մայրիկները դառնում են անհանգիստ։ Դրա համար կարևոր է, որ յուրաքանչյուրը քնի իր տեղում։

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ