Ինչպիսի՞ զարգացում է ունենում փոքրիկը 5 ամսականում

3-6ամիս

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ Արփինե Հովակիմյանի հետ։

Փորձեք բարձրաձայն ասել 5 ամսական փոքրիկի անունը և կնկատեք, թե ինչպես է նա միանգամից շրջվում ձեր կողմը: Սա այդ տարիքում երեխայի կարևոր հմտություններից մեկն է՝ իմանալ սեփական անունը և հայացքի, մարմնային շարժումների միջոցով արձագանքել ծանոթ ու սիրելի մարդկանց: 5 ամսական բալիկի համար մարմնային հաճելի շարժումներից մեկը կարող է լինել որովայնից մեջքի վրա պտտվելը: Հակառակ գործողությունը՝ մեջքից որովայնի վրա պտտվելը, դեռևս մի փոքր բարդ է և պահանջում է պարանոցի ու ձեռքերի ամուր մկաններ։ Հետևաբար, ծնողները պետք է միշտ օգնեն բալիկին և խրախուսեն։ Տվյալ տարիքի երեխաների մեծամասնությունը չի կարողանում նստել առանց աջակցության, սակայն հաճույք է ստանում նստելուց՝ բարձերին հենված վիճակով: Հավանական է, որ փոքրիկն իր առջև շարված խաղալիքները  միաժամանակ երկու ձեռքով բռնի, խփի սեղանին կամ այլ կոշտ մակերեսի, միտումնավոր նետի դրանք: Ինչու՞ միտումնավոր: Քանի որ կամաց-կամաց ձեռք է բերում պատճառն ու հետևանքը ճանաչելու ունակությունը: Հասկանում է, որ եթե մի կողմ գցի առարկան և ծիծաղի դրա ձայնի վրա, լաց լինի որոշակի ձևով, ծնողը կվերցնի դրանք: Բալիկը սովորում է, որ իր վարքագիծն ազդում է ուրիշների վրա, հատկապես՝ մայրիկի և հայրիկի:  

 

Որքա՞ն է ուտում 5 ամսական երեխան

Այս շրջանում երեխայի օրվա պահանջը կազմում է 720-1000 մլ, մոտ 5-6 կերակրում, և կապ չունի՝ փոքրիկը կրծքի կաթ է ուտում, թե կաթնախառնուրդ: Էական է նշել, որ կրծքով կերակրումը մինչև 6 ամսականը լիարժեք բավարար է բալիկի ճիշտ աճի ու զարգացման համար: Նախընտրելի է փոքրիկին հավելյալ սնունդ չտալ 5 ամսականում: Նրանք պատրաստ լինելու այնպիսի նշաններ պետք է ցույց տան, ինչպիսիք են՝ ուղիղ նստել աթոռին կամ պահել գլուխը, սնունդը լեզվով հետ չմղել, կերակուրը տեսնելիս բացել բերանը: Անգամ այն պահից հետո, երբ երեխան սկսի ընդունել հավելյալ սնունդ, կրծքի կաթը և կաթնախառնուրդը շարունակելու են կազմել սնուցման հիմնական մասը: Այդպես մինչև մեկ տարեկանը:  Կարելի է նաև ավելի երկար, եթե մայրիկն ու երեխան ցանկանան: 

  

Երեխայի քնի տևողությունը և կանոնները

Փոքրիկներից շատերը գիշերը քնում են 10-12 ժամ և արթնանում 1-2 անգամ կերակրման համար: Նրանք ունենում են 2-3 ցերեկային քուն՝ ընդհանուր 3-5 ժամ։ Հաշվի առնելով փաստը, որ 5 ամսական երեխան կարող է պտտվել, գլորվել և շարժվել, չափազանց կարևոր է համոզվել, որ երեխան ապահով է քնում:   Օրորոցի բամպերները, վերմակները, փափուկ խաղալիքներն ու բարձերն անվտանգ չեն: Խորհուրդ է տրվում՝ փոքրիկը գիշերը քնի ծնողների սենյակում, բայց ոչ նրանց անկողնում:  Դա պետք է անել նրա կյանքի առնվազն առաջին վեց ամիսների ընթացքում և իդեալական տարբերակում՝ առաջին տարվա ընթացքում: 

   

Ի՞նչ խնդիրների է հնարավոր բախվել

Գուցե երեխայի մոտ ժամանակի հետ նկատվի տակդիրային ցան, որը ճիշտ խնամքի և քսուքների շնորհիվ անցնում է։ Բայց եթե տակդիրային ցանը չի անհետանում, հարկավոր է զանգահարել երեխային հսկող բժշկին: Բալիկը կարող է այլ խնդիր ունենալ, ինչի պարագայում սովորական բարուրի ցանի քսուքներն անարդյունավետ լինեն ու անհրաժեշտ լինի տեղային օգտագործման հակասնկային քսուք:

Երեխաների մոտ սովորաբար առաջին ատամը ծկթում է 6-10 ամսականում և թվում է՝  հինգ ամսականը վաղ է, մեկ կամ երկու ամիս անց միայն կարելի է մտածել: Սակայն որոշ բալիկների ատամները ծկթում են հենց տվյալ շրջանում: Եթե ​​ երեխայի մոտ մայրիկը նկատում է այտուցված, կարմրած լնդեր, առատ թքահոսություն և անսովոր պահվածք, ապա դրա «մեղավորը» կարող է լինել ատամների դուրս գալը: