Աշխատանքային ի՞նչ իրավունքներ ունեն մանկահասակ երեխաների մայրիկները. ներկայացնում է իրավաբանը - մաս 1

Խնամք

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարինյանի հետ։

- Մինչև 3 տարեկան երեխայի խնամք իրականացնող կնոջ համար ի՞նչ աշխատանքային իրավունքներ են սահմանված Հայաստանում։ 

-Ըստ էության, պայմանները մնացած աշխատողների համեմատությամբ նույնն են։ Մի քանի բացառություններ կան․ եթե խնամքը կոնկրետ մայրը պետք է իրականացնի, այդ դեպքում որոշակի արտոնություններ կարող են տրամադրվել գործատուի կողմից։ Օրինակ՝ եթե երեխան ինչ-ինչ պատճառներով մանկապարտեզ չի գնում, մանկապարտեզում արտահերթ, չնախատեսված արձակուրդ է տրամադրվել, այդ դեպքում մայրը իրավունք ունի դիմելու գործատուին աշխատանքի որոշակի ժամանակահատվածից ազատվելու համար, ինչը ենթադրում է օրվա ընթացքում 2 ժամ քիչ աշխատաժամանակ, բայց սա որևէ կերպ աշխատավարձի վրա չի անդրադառնում։ 

 

-Ո՞ր օրենքների ո՞ր կետերն են պաշտպանում նրան։ 

- Աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդված՝ աշխատանքի կրճատ տևողություն ( մինչև 7 տարեկան երեխայի համար օրական երկու ժամ, շաբաթական ոչ ավելի, քան 4 ժամը)։ 148-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամք իրականացնողները գիշերային աշխատանքի կարող են ներգրավել միայն իրենց համաձայնությամբ։ 149-րդ հոդվածը նշում է, որ հերթապահությունից կարող են հրաժարվել՝ անկախ ժամանակահատվածից։ 171-րդի համաձայն՝ տրամադրվում է նպատակային արձակուրդ, նաև ֆիզարձակուրդ։ 

 

- Աշխատանքային ի՞նչ արտոնություններ են տրված օրենքով։ Աշխատանքից ուշանալու կամ բացակայելու մասին կա՞ որևէ դրույթ և ի՞նչ է սահմանում։ 

- Աշխատանքից բացակայելու մասին դրույթը օրենսգրքի 117-րդ հոդվածն է սահմանում։ Եթե մեկ ամբողջ աշխատանքային օր անհարգելի պատճառով աշխատողը չի ներկայանում, գործատուն իրավունք ունի աշխատողին ազատելու։ Եթե աշխատողը չի ներկայացել աշխատանքի, գործատուն անմիջապես իրավունք չունի լուծարելու պայմանագիրը, պետք է վերցնի բացատրագիր։ Գործատուն, եթե կգտնի, որ դա հարգելի պատճառ է, արդարացված է, ուրեմն որևէ խնդիր չի լինի։ Սա բոլոր աշխատողների դեպքում։ Իսկ մինչև 3 տարեկան երեխաների խնամք իրականացնող կանանց դեպքում օրենքում չկա նման կետ։ 

 

- Մինչև 3 տարեկան երեխայի խնամք իրականացնող կանայք կարո՞ղ են վճարվել ավելի։ 

- Ո՛չ, չեն կարող։

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան