Երեխաների առաջին քայլերի հստակ ժամանակացույց չկա։ Շատերն առաջին քայլերն անում են 9, մյուսները՝ 17 ամսականում։ Հետևաբար հստակ ասել, թե երբ պետք է երեխան քայլի, սխալ կլինի, սակայն կարող ենք ասել՝ երբ և ինչպես են զարգանում երեխայի քայլելու ռեֆլեքսները։
0-2 ամսական
Այս տարիքում, որքան էլ զարմանալի է, երեխայի մոտ նկատվում է «քայլելու ռեֆլեքս»։ Եթե երեխային օդում ուղղահայաց պահեք, ապա կտեսնեք, որ նա շարժում է ոտքերն այնպես, ասես քայլում է։ Այս ռեֆլեքսը անհետանում է 2 ամսականում։
3-4 ամսական
Այս տարիքում երեխան կարողանում է ձգումներ անել։ Սա նշանակում է, որ որովայնի վրա պառկած վիճակում երեխան ձեռքերն օգտագործում է որպես հենարան ու պարանոցը և կուրծքը ձգում է վեր։ Այս ձգումները շատ կարևոր են քայլելու համար, քանի որ մարզում են մկանները։
5 ամսական
Եթե երեխային կանգնեցնեք, ապա կսկսի ոտքերը ծալել՝ կատարելով վեր ու վար շարժումներ։ Այս վարժությունն օգնում է մարզել ոտքերի մկանները։
6-8 ամսական
Այս տարիքում երեխան սովորում է նստել։ Առանց հենարանի նստելու համար անհրաժեշտ են պարանոցի ձիգ մկաններ, հավասարակշռությունը պահպանելու ունակություն, որոնք երեխան ինքնուրույն սովորում է։ Երեխաների մեծ մասը 7-12 ամսականում սովորում են սողալ, սակայն կան երեխաներ, որ առանց սողալ սովորելու միանգամից սկսում են քայլել։ Այս տարիքի երեխաները նաև կարողանում են, հենարանից բռնվելով, կանգնել։ Ի դեպ, եթե 7 ամսականում երեխան չի կարողանում ձեր օգնությամբ կամ բռնվելով կանգնել, իսկ 9 ամսականում առանց օգնության չի կարողանում նստել, ապա դիմեք բժշկի։
9-12 ամսական
Այս տարիքում երեխան, բազմոցից, պատից աթոռից կամ այլ բանից բռնվելով, կարողանում է նստած տեղից վեր կենալ։ Կարողանում է ծնկները խորը ծալել նստելու համար։ Երեխաներից շատերն այս տարիքում անկառավարելիորեն արագ սողում են տնով մեկ։ Որևէ մեկի ձեռքից բռնած՝ այս տարիքի երեխան կարող է նաև քայլել։ Հնարավոր է՝ այս տարիքում երեխան սկսի կատարել իր առաջին ինքնուրույն քայլերը։
Շարունակելի
Աղբյուրը՝ babycenter.com