«Արի տատիկի մոտ»․ մեծահասակի ո՞ր քայլերն են վնասում երեխային

3-6տարեկան

Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Էմմա Արզիևան:

Երեխայի անձի զարգացման մեջ տատիկի և պապիկի դերն անգնահատելի է: Նրանց կողմից տրվող հոգատարությունը, ջերմությունն ու պաշտպանվածության զգացումը փոքրիկների համար արժեքավոր են և մնայուն: Որոշ իրավիճակներում, այդուհանդերձ, տատիկի կամ պապիկի միջամտությունը դառնում է անապահով և ոչ այդքան անվտանգ:

Իրադրություն 1)  Ավագ սերնդի ներկայացուցիները գերակա դեր են ստանձնում  բալիկի խնամքի հարցերում

Երբ այլ մեծահասակը գերակա մասնաբաժին է ունենում փոքրիկի խնամքի գործում, մայրիկն ավելի ուշ է սովորում իր բալիկի հաղորդակցման առանձնահատկությունները և խնդրային իրավիճակներում միանգամից դիմում է տատիկի օգնությանը` այդկերպ ձեռք բերելով կախյալություն: Դրա հետ մեկտեղ կարող են օգտագործվել խնամքի վտանգավոր տարբերակներ, օրինակ՝ բալիկի ծծակի վրա մեղր քսել, առաջարկել մանկիկին կովի կաթ, կերակրել երեխային բավականին շատ և հագցնել բավականին տաք:   

Մայրիկը պետք է կարողանա տարբերակել` ավագ սերնդի որ խորհուրդներն են օգտակար, որոնք՝ ոչ, ինչն արժե ընդունել, ինչը` մերժել: Եթե մայրիկն էլ տեղեկացված չէ, ապա անհրաժեշտ է սերտ կապ պահել գրագետ մանկաբույժի հետ, որը հիմնավոր կբացատրի խնամքի մանրամասները:

Իրադրություն 2) Պապիկն ու տատիկն իրականացնում են գերխնամք և  երեխային «երես տալիս»                    

Մեծահասակները կարող են երեխայի փոխարեն անել գրեթե ամեն ինչ՝ ափսեները շարել, անկողինը հավաքել, կոշիկները մաքրել: Այդօրինակ գործողություններով նրանք նպաստում են, որպեսզի երեխան լրիվ կամ մասնակի կորցնի ինքնուրույնությունն ու ադապտացվելու հմտությունը: Ընթացքում թույլ են տալիս փոքրիկին նաև անթույլատրելին․ առաջարկում են քաղցրավենիք մայրիկի աչքից հեռու, ուշ են պառկեցնում քնելու կամ ընդհանրապես չեն պառկեցնում, թողնում են, որ չարաշահի էկրաններն ու ժամերով մուլտֆիլմ դիտի: Թվարկածը մտորելու առիթ է տալիս: Տատիկների հետ հարկավոր է հստակ քննարկել «կարելի»-ների ու «չի կարելի»-ների սահմանները:

Մասնավորապես հակադիր ուղերձները, երբ մայրիկն արգելում է որևէ բան, իսկ տատիկը շտապում բավարարել երեխայի պահանջը, ստեղծում են շփոթություն: Բալիկը սկսում է աններդաշնակություն զգալ և այդպես էլ չի հասկանում` «կարելի՞ էր տվյալ գործողությունը կատարել, թե՞ ոչ»: Եվ եթե հայրիկն է տեղեկատվություն տալիս, իսկ պապիկը արժեզրկում է նրա խոսքն ու ասում, որ «հայրդ լավ չգիտի, ես քեզ կբացատրեմ», ապա ծնողի ավտորիտարությունը կամաց-կամաց փլուզվում է: Նկարագրված երևույթը տարածված է ու կարող է հանգեցնել երեխայի` նյարդային և կամակոր վարքի դրսևորմանը:

Իրադրություն 3) Ծնողներն իրենք են առիթ փնտրում, որպեսզի երեխաներին թողնեն տատիկի մոտ

Անընդհատ մնալով տատիկի ու պապիկի տանը՝ բալիկն ակամայից ընդօրինակում է տատիկի, պապիկի փորձը, կրկնօրինակում է նրանց վարքը, մինչդեռ երեխաների համար օրինակ պետք է լինեն ծնողները: Գերադասելի է տատիկի և պապիկի օգնությանը դիմել միայն խիստ անհրաժեշտ դեպքերում: Երեխային, ի դեպ, կարող է թվալ՝ ինքը բեռ է ծնողների համար, քանզի իրեն հաճախ են թողնում ուրիշների տանը:

Իրականում ի՞նչն է նպաստավոր և օգտակար կողմերի համար

Տատիկի ու պապիկի հետ շփումը պետք է լինի բալանսավորված, ծնողների մշակած կանոնների հետ համաձայնեցված: Երեխան կարող է սիրով մասնակցել մեծահասակների նախասիրությունների իրականացմանն ու աշխատանքին: Օրինակ` տատիկն ունի մեծ պարտեզ, որտեղ հնարավոր է տեսնել ծաղիկների աճեցման պրոցեսը, պապիկը ժամագործ է, և երեխան ուսումնասիրում է տարատեսակ մեխանիզմների կառուցվածքը:

Ծնողներն անընդհատ աշխատու՞մ են: Անգամ այդ պարագայում ծնողը պետք է վերցնի երեխային, պահպանի այն հիմնական ծեսերը, որոնք բալիկի հետ անում էին` միասին նախաճաշել, ընթրել, երեկոյան հեքիաթ կարդալ, համատեղ ժամանց վայելել առանց գաջեթեների: Եթե, այնուամենայնիվ, տատիկի ու պապիկի մոտ երեխան անցկացնում է երկար ժամանակ՝ համարյա ամեն օր, նույնիսկ հանգստյան օրերին, ծնողը պետք է պատրաստ լինի ընդունել տատիկի մոտեցումները և հարմարվել մտքի հետ, որ երեխան նմանակելու է նրա վարքն ու սովորությունները: