«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկական ստոմատոլոգ Սոնա Պողոսյանի հետ։
Բավականին հաճախ փոքրիկները գանգատվում են ատամնացավից ուշ երեկոյան ժամերին, երբ այլ տարբերակ չի մնում, քան երեխային դեղամիջոց առաջարկելը: Իհարկե, կարևոր է իմանալ, որ տնային դեղարկղում գտնվող ցավազրկողներից, ինչպես նաև մեծահասակների կողմից փորձված մեթոդներից յուրաքանչյուրը չէ, որ թույլատրելի է բալիկների դեպքում: Եթե երեխային անհանգստացնում է ատամնացավը, ապա հնարավոր է օգտագործել «Իբուպրոֆեն», «Նուրոֆեն»՝ հաշվի առնելով վերջինիս տարիքը և քաշը: Սուր ցավի պարագայում կարելի է կատարել աղաջրով և երիցուկի թուրմով ողողումներ: Արտահայտված ատամնացավի ժամանակ չի կարելի այտի շրջանում տեղադրել տաք կոմպրես, այդպիսով խթանվում է արյան հոսքը դեպի բորբոքային օջախ: Ոչ մի դեպքում չի կարելի ատամի մեջ դնել ալկոհոլային խմիչքներով՝ օղիով կամ կոնյակով թրջված բամբակ: Տվյալ պարագայում հավանական է ստանալ լորձաթաղանթի այրվածք ու թունավորում: Փոքր տարիքի երեխաներին ցավազրկող պետք է տալ մասնագետի ցուցմամբ:
Իսկ կարելի՞ է չանհանգստանալ այլևս, եթե ատամնացավը մեկ անգամից հետո անհետացել է: Ո՛չ, քանի որ ատամնացավն ահազանգում է նյարդի շրջանում սկսվող բորբոքային պրոցեսի մասին, և ցավազրկող միջոցներն էլ երկարատև կիրառման համար չեն նախատեսված: Մասնավորապես՝ կաթնատամները տարբերվում են մշտական ատամներից, ունեն լայն դենտինային խողովակներ, ու ինֆեկցիան շատ արագ է տարածվում դեպի հարարմատային շրջան: Կարիեսն էլ ինքնին սուր վիճակից կարող է անցնել քրոնիկ վիճակի, որն ավելի բարդացնի բուժման գործընթացը: Ատամնացավի մասին տեղեկանալուց հետո հարկավոր է պարզապես այց կազմակերպել ստոմատոլոգի մոտ և կանխել հնարավոր բարդացումները: