Երկու խաբեբա․ սկանդինավյան հեքիաթ

3-6տարեկան

Երկու խաբեբա՝ Լարսն ու Ենսը, թափառում են Բորնհոլմ կղզու ճանապարհներով։

Գնում են, գնում ու շատ են սովածանում, բայց ոչ գրպաններում են փող ունենում և ոչ էլ տոպրակի մեջ ուտելու բան։ Նստում են ճամփեզրին ու սկսում մտածել, թե ինչպես փող և ուտելիք ճարեն։ Եվ ահա տեսեք՝ ինչ են որոշում։ Մոտենում են գյուղական մի դաստակերտի։ Լարսը թաքնվում է թփերի տակ, իսկ Ենսը մտնում է բակ ու ամբողջ ուժով գոռում։ Իրարանցում է սկսվում, մարդիկ են հավաքվում։

- Ի՞նչ է պատահել,- հարցնում են Ենսին։

Իսկ նա օտարոտի ձայնով գոռում է․

- Բարի մարդիկ, լսե՞լ եք սարսափելի մի լուր։ Հյուսիսային ծովն այրվել է։ Հենց հիմա այն բոցավառվում է։

- Այդ ի՜նչ ես դատարկ-դատարկ դուրս տալիս,- բղավում են մարդիկ,- որտե՞ղ է լսվել, որ ծովն այրվի։ Ինչպես երևում է, դու մեզ հիմարի տեղ ես դրել։

Հարձակվում են վրան ու դուրս հանում հարվածներով։ Նոր է հեռացած լինում դաստակերտից, մեկ էլ Լարսն է մտնում։ Բարևում է ժողովրդին ու կամաց նստում մի կողմում։ Մարդիկ շրջապատում են նրան և հարցում անում․

- Քիչ առաջ այստեղ մի տղա էր եկել և ուզում էր ծիծաղել մեզ վրա։ Տես, թե մտքով ինչ էր անցկացրել։ Իբր ծովն այրվել է։ Դու ճանապարհներին երևի շատ ես լինում, այդ մասին ականջովդ բան չի՞ ընկել։

- Ճիշտն ասած, դա չեմ լսել,- պատասխանում է Լարսը,- ուղղակի այստեղ  գալիս ինձ մի սայլ հանդիպեց, մեջը լիքը խորոված ձուկ կար։ Այնպես որ տղան գուցե ձեզ չի խաբել։

- Մի՞թե,- զղջում են մարդիկ,- ուրեմն նա ճիշտ է ասել։ Իսկ մենք իզուր տեղը հարվածեցինք։ Ի՜նչ ամոթ է։

Նրանք Լարսին ուտեցնում են, խմեցնում ու տոպրակն էլ ամեն տեսակ ուտելիք լցնում։ Հրաժեշտ տալիս էլ ասում են․

- Այդ երիտասարդին որ հանդիպես, մեր տված ամեն ինչը հավասար կիսիր նրա հետ։ Ու ասա՝ թող վատ չհիշի մեզ։

Նրանք Լարսին պատմում են, թե Ենսն արտաքինով ինչպիսին է, և նա էլ խոստանում է անել այնպես, ինչպես իրենք են խնդրում։ Լարսն ու Ենսը ճանապարհին հանդիպում են, կիսում ուտելիքը, կուշտ ուտում և մի լավ ծիծաղում։ Ուրախ շարունակում են գնալ։ Միայն թե երկու օր հետո խաբեբաների տոպրակը դատարկվում է։ Որոշում են մեկ ուրիշ դաստակերտում այդպիսի կատակ անել։

- Հիմա դու սկզբում գնա,- ասում է Ենսը,- թե չէ դուրս է գալիս, որ միայն ինձ են հարվածում։

Լարսն ախ է քաշում, հոգոց հանում, բայց ոչինչ անել չէր կարող։ Ստիպված տալիս է համաձայնությունը։ Ենսն է այս անգամ թաքնվում թփերի տակ, իսկ Լարսը վազում է բակ ու ամբողջ դաստակերտով մեկ գոռում։ Ժողովուրդ է հավաքվում, նա էլ ճչում է․

- Բարի մարդիկ, լսե՞լ եք սարսափելի մի լուր։ Հարևան գյուղ թռել է, եկել մի թռչուն, նստել է զանգակատան վրա և թևերը տարածել։ Այնքան մեծ է, որ արևը ծածկել է։

- Սուտ է,- աղմկում են մարդիկ,- աշխարհում նման թռչուն չկա։ Բավական է հիմարություններ խոսես։ Քանի շուտ է, կորիր այստեղից։

Այստեղ ևս մարդիկ հարվածում են ու դուրս հանում Լարսին։ Հենց նա տեսադաշտից անհետանում է, հայտնվում է Ենսը։ Բարևում է ըստ կարգի և թույլտվություն խնդրում հանգստանալու։ Ժողովուրդը հավաքվում է նրա շուրջը։

- Անցորդ, արդյո՞ք չես լսել հսկա թռչունի մասին, որ երևացել է հարևան գյուղում։ Իբր նա նստել է զանգակատան վրա, թևերը տարածել ու արևը ծածկել։ Քիչ առաջ այստեղ մեկն էր եկել, նա էր հորինում։ Հավանաբար ուզում էր ծիծաղել մեզ վրա։ Մենք էլ մի լավ դաս տվինք։

- Դա չեմ լսել,- պատասխանում է Ենսը,- բայց երբ անցնում էի այդ գյուղի եկեղեցու կողքով, ինձ մի խումբ մարդիկ հանդիպեցին, որոնք շղթաներով ու պարաններով այս տան մեծության ձու էին տանում։ Այնպես որ երիտասարդը գուցե չի խաբել ձեզ։

- Ուրեմն ճիշտ է ասել։ Մենք էլ նրա հետ այդպես վարվեցինք, խայտառակ եղանք։ Բարի մարդ, փող և ուտելիք վերցրու, կկիսես այդ տղայի հետ։ Ասա, որ մեզ վատ չհիշի։

Ճանապարհին դարձյալ հանդիպում են Լարսն ու Ենսը, ուտում են, խմում ու շարունակում իրենց ճանապարհը։

Այդպես էլ նրանք մինչև հիմա թափառում են կղզում։ Միամիտներին խաբում են, իսկ խելացիներից ստանում պատասխան։ Այնպես որ մի օր կուշտ են լինում, մյուս օրը կապտուկներով են լինում, իսկ հաջորդ օրը՝ և՛ մեկը, և՛ մյուսը։