Ուշադրություն դարձրե՞լ եք, որ հերթում հայտնվելիս յուրաքանչյուր մարդ իրեն յուրովի է պահում: Առաջին անձն անտարբեր սպասում է, երկրորդը բռնկվում ու սկսում բողոքել: Նման իրավիճակում դիտորդները սովորաբար մատնանշում են, որ դա մարդու բնավորությունն է: Իսկ տեղի՞ն է ասել բնավորություն և ոչ թե խառնվածք: «Խառնվածք» հասկացությունը միշտ է ասոցացվում «բնավորություն» հասկացության հետ, ու մեզնից շատերն են կարծում, որ դրանք նույնն են:
Խառնվածքն իրականում տրվում է երեխային ծննդյան հետ ու արտահայտում նյարդային համակարգի առանձնահատկությունները՝ դրսևորվելով շարժման մեջ, հուզական վարքում: Այն դառնում է հիմք և պայմանավորում բնավորության որոշակի գծեր, սակայն այդ բնավորությունն արդեն ենթարկվում է շրջապատի ազդեցությանը (ամենից մեծ ազդեցությունը ցուցաբերում են ծնողները), արդյունքում էլ փոփոխվում: Ստացվում է, որ խառնվածքը բնածին է, բնավորությունը՝ ոչ:
Հարկավոր է իմանալ, որ գոյություն ունի խառնվածքի չորս տեսակ՝ խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ ու մելանխոլիկ: Սրանք «մաքուր» ձևով չեն հանդիպում, դիտվում է հիմնականում խառնուրդ տարբերակը, օրինակ՝ երեխան կրում է և՛ ֆլեգմատիկին, և՛ մելանխոլիկին բնորոշ որակներ։ Ամեն դեպքում, իմանալով յուրաքանչյուրի հատկանիշները՝ ծնողը կարող է հասկանալ, թե որն է գերակշռողն իր փոքրիկի մոտ, ու ինչպիսի ծրագիր է պետք մշակել՝ երեխայի հետ շփումը հեշտացնելու նպատակով:
Ո՞վ է խոլերիկը
Այս խառնվածքն ունեցող անհատն ակտիվ է, արկածասեր, ռիսկային և բռնկուն: Խոլերիկներին երբեմն համեմատում են կրակայրիչի հետ՝ ասելով, որ հնարավոր է այրվել, եթե ուժեղ դիպչեք: Նրանք որոշումներ կայացնում են ակնթարթորեն, սակայն նրանց գաղափարները լինում են ուշագրավ: Այսպիսի երեխաները բանավիճող են ու վճռական։ Կարող են լինել նաև անկանխատեսելի։ Դուք չգիտեք, թե ինչ սպասել խոլերիկից հաջորդ րոպեին, և նա ինքն էլ չգիտի դա իր իմպուլսիվության պատճառով: Չի սիրում երկար սպասել։ Ամբողջական վերահսկողությունը, ֆիզիկական գործունեության սահմանափակումը բերում են ագրեսիայի ու նրա հետ էմոցիոնալ կապի խզմանը։ Խոլերիկ երեխան լուռ չի դիմանա ոչ մի անհարմարության։
Խոլերիկի մոտ դիտվում են տրամադրության կտրուկ փոփոխություններ, քմահաճ վարք, ուշադրության կենտրոնում լինելու հրատապ անհրաժեշտություն: Նա անհարկի խոցելի է, քննադատությանն արձագանքում է բավականին ցավոտ։ Այդուհանդերձ, ունի շատ էներգիա, միշտ պատրաստ է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Սիրում է առաջնորդել և ուղղորդել: Լցնում է տարածությունն իրենով, քանզի շարժուն է, շփվող ու աղմկոտ: Այսպիսով՝ խոլերիկի դրական կողմերն են հանդիսանում ակտիվությունը, հաղորդակցվող և նպատակասլաց լինելը: Բացասական գլխավոր կողմն է հուզական անկայունությունը:
Նման բալիկի հետ ծնողները պետք է լինեն համբերատար և հանգիստ, չխոսեն կոշտ, այլ նրբանկատորեն բացատրեն՝ որտեղ ու ինչ սխալ է թույլ տվել: Մեծահասակները պետք է օգնեն փոքրիկին հաղթահարել անկառավարելի զգացմունքները: Հարցրե՛ք երեխային՝ ինչ է նա զգում տվյալ պահին, որից հետո անվանեք հույզը, ասե՛ք՝ «Դու բարկացած ես, որովհետև առաջին անգամ չի ստացվել, արի կրկին փորձենք»: Հետևեք, որ սկսած գործը հասցնի ավարտին ու փորձեք չնյարդայնանալ, երբ նա շեղվում է։ Լավ կլինի, եթե խոլերիկ երեխան զբաղվի սպորտով ու այդ տարբերակով «իրացնի» էներգիան: Խոլերիկ մարդուն կենսատարածք է պետք, ուստի հաճախ եղեք նրա հետ բնության գրկում, ուսումնասիրեք առանձին վայրեր։ Քննարկեք միասին ֆիլմեր, գրքեր, բարձրաձայնեք ճիշտ վարքի տարբերակները: Առաջատար լինելու նրա մղումն էլ օգտագործեք խաղաղ նպատակներով։ Կարող եք տալ երեխային բացատրողի, ուսուցչի դեր։
Կենսուրախ սանգվինիկն է մոտենում
Սանգվինիկ բալիկին հաճախ արեգակ են կոչում։ Գիտե՞ք, թե ինչու։ Նա կենսուրախ է, ուժեղ, հետաքրքրասեր, ուսումնասեր և հավասարակշռված։ Իր լավատեսությամբ ու ակտիվությամբ սանգվինիկը վարակում է մյուսներին: Նա անկաշկանդ է, հեշտությամբ ընտելանում է նոր մարդկանց և իրավիճակներին, հայտնվելով անծանոթ միջավայրում՝ արագ ադապտանում է ու իր շուրջը հավաքում բազմաթիվ ունկնդիրների, ընդհանուր լեզու գտնում բոլորի հետ։ Անընդհատ նորություն է փնտրում, չի կարողանում նստել իր տեղում, փոխում է խաղը և զբաղմունքը։ Դժվարին իրավիճակներում չի կորցնում հումորի զգացումը՝ մնալով հավաքված ու գործնական։ Մեծ տարիքում թողնում է վճռական և ինքնավստահ մարդու տպավորություն։ Լինում է կարեկցող և հակված լինում ընդունել դիմացինին այնպիսին, ինչպիսին կա։ Սանգվինիկները չեն պայքարում իշխանության համար, բայց հաճախ առաջնորդի դիրք են զբաղեցնում։ Տվյալ խառնվածքով երեխան միայն չի կարողանում երկար ժամանակ կենտրոնանալ մեկ բանի վրա։ Կարող է հանկարծակի կորցնել հետաքրքրությունը։ Անհետաքրքիր աշխատանքը ձանձրացնում է նրան, ու նա փորձում է շուտ ազատվել դրանից։ Երբ աշխատանքը չի ոգեշնչում, ծուլանում է։
Ծնողները պետք է ընդունեն սանգվինիկի առաջարկները և օգնեն խորացնել ըմբռնումը ընտրած թեմայի վերաբերյալ, կենտրոնանալ սկսած գործի վրա՝ անընդհատ փոփոխելով աշխատանքային պայմանները։ Սովորեցրեք երեխային պլանավորել իր օրը, այն, որ մեծ նպատակին հասնում են փոքր, համառ քայլերով: Գովաբանեք բալիկին, բայց տվյալ գովասանքը թող լինի «վաստակած»: Օգտակար է սանգվինիկի հետ փազլներ հավաքել, կազմակերպել ավազի, խմորի, ջրի հետ կապված խաղեր:
Ֆլեգմատիկին հանգիստ տվեք
Ֆլեգմատիկը պատասխանատու, չշտապող, կայուն և իր զգացմունքները չարտահայտող անհատ է։ Աղմուկը խորթ է նրան։ Սիրում է հանգիստը, համեղ ուտելիքներն ու քունը։ Կարգուկանոնը ֆլեգմատիկի պարագայում առաջնային նշանակություն ունի։ Սովորաբար կոկիկ դասավորում է հագուստներն ու տեղավորում խաղալիքները։ Մտածում է կատարելիք գործողության մասին՝ հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերը։ Ընկերություն հաստատելիս նախևառաջ մանրակրկիտ ուսումնասիրում է տվյալ անձնավորությանը: Նախընտրում է ծանոթ շրջապատը, ադապտացումը նոր միջավայրին դանդաղ է ստացվում։ Նա կարող է ժամերով պոկել հյուրասենյակի պաստառի կտորները՝ չխանգարելով մեծահասակների գործին։ Բայց նաև կարող է սկանդալ բարձրացնել, եթե խաթարում են նրա սովորական առօրյան, խառնում կատարածը:
Չի ձգտում առաջնորդության, չի սիրում որոշումներ կայացնել՝ հեշտությամբ տալով այդ իրավունքն ուրիշներին։ Ամեն դեպքում, նպատակասլաց է։ Եթե որևէ գործ է հանձն առել, կներդնի ողջ ուժերը, կկատարի լավագույն ձևով։ Կհասնի արդյունքին՝ ուշադրություն չգրավելով։ Ֆլեգմատիկի հաշվարկելու ռազմավարությունն ու լռությունը հաճախ հաջողություն են բերում, բայց վարանումները և երկար մտորումները խանգարում են, դանդաղ տեմպը թույլ չի տալիս շուտ ավարտել աշխատանքը:
Ծնողներն առաջին հերթին պետք է սովորեցնեն ֆլեգմատիկ բալիկին արտահայտել հույզերը: Կարելի է հանձնարարել փոքրիկին հոգ տանել ընտանի թռչունի մասին: Նրա հետ անհրաժեշտ է քննարկել հասակակիցների, հարազատների, սիրելի հերոսների գործողությունների դրդապատճառները: Քննարկելիս աշխատեք այնպես անել, որ խոսի, հայտնի իր կարծիքն ու պաշտպանի այն։ Ֆլեգմատիկ երեխային պետք է անընդհատ «շարժել»։ Ցանկալի է կազմակերպել նրա հետ դերային խաղեր, այնպիսիք, որոնք կլինեն հանգիստ և, միևնույն ժամանակ, կպահանջեն շարժում: Պատմեք նրան հետաքրքիր նորություններ, զարգացրեք ստեղծագործական մտածողությունը՝ օգտագործելով նկարչությունը, երաժշտությունը, առավոտյան մարմնամարզությամբ զբաղվեք, զբոսնեք։ Եթե դուք հաճախ եք նյարդայնանում և նախատում երեխային դանդաղկոտության համար, նրա մոտ կարող է առաջանալ անապահովության զգացում («Մայրիկն ինձ նախատում է և չի սիրում, ուստի ես վատն եմ»): Մի՛ շտապեցրեք երեխային, նա կենտրոնացած է արդյունքի և ճշգրտության վրա։ Մի՛ վախեցեք ֆլեգմատիկին վստահել, նա պատասխանատու է: Խրախուսեք, որովհետև այս բալիկները մշտական խրախուսանքի կարիք ունեն։
Որտե՞ղ է յուրահատուկ մելանխոլիկը
Մելանխոլիկ երեխային կարելի է անվանել տպավորիչ։ Նա լուռ է, ամաչկոտ, հիմնականում պասիվ, սիրում է մենակությունը, ինչը ծնողների մոտ հաճախ անհանգստություն է առաջ բերում: Տվյալ երեխան արտաքուստ զգացմունքներ չի ցուցաբերում, բայց ամեն ինչ ապրում է ներսում, երկար հիշում դժգոհությունները։ Էմոցիոնալ է, զգուշավոր, կարող է լաց կարող լինել չնչին պատճառով։ Կտրուկ է արձագանքում անծանոթներին, զգայուն է ձայնի տոնայնության նկատմամբ, որով իրեն դիմում են։ Մելանխոլիկն այդքան էլ չի սիրում նոր ծանոթություններ, նախընտրում է հինն ու հաստատվածը։ Ընտրում է մեկին, ում հետ կարող է լիովին անկեղծանալ: Գաղտնիքների բացահայտումը կարող է մեծ հետք թողնել նրա վրա ու նպաստել, որ ավելի ներքաշվի իր մեջ: Մելանխոլիկը խոսում է հանգիստ, հազվադեպ է վիճում, առավելապես հետևում է զորեղ մարդկանց կարծիքին։ Շուտ հոգնում է, դժվարությունների դեպքում մոլորվում, արագ հանձնվում, վճռականություն չի ցուցաբերում, թողնում է փակ մարդու տպավորություն։
Նկատենք, որ մելանխոլիկ երեխայի ներաշխարհը աներևակայելի հարուստ է, նրան բնորոշ է զգացմունքների խորությունը, գեղեցկությունն ու կայունությունը։ Նա կարող է ժամերով դիտել բնության երևույթները և խորասուզվել մտքերի մեջ։ Անկեղծ է ու աշխատասեր։ Մելանխոլիկներին պարտվող կոչել չի կարելի։ Նրանցից շատերն ուժեղ են, օրինակ, գրականության, արվեստի մեջ։ Ստեղծագործությունը նրանց համար ինքնարտահայտման միջոց է։ Նրանք հակված են ներդաշնակության, բայց իրենք իրենց չեն կարողանում վստահել, մտածում են՝ միայն թերություններ ունեն:
Ծնողների առաքելությունն է հարգել մելանխոլիկի ներաշխարհը, օգնել նրան օգտագործել իր ստեղծագործական ներուժը, սովորեցնել մելանխոլիկին վստահել ինքն իրեն և հավատալ իր հաջողությանը: Վստահեցրեք երեխային, որ ձախողումը նրան վատը չի դարձնում: Խնդրեք ցույց տալ ձեզ իր ձեռքբերումները, ուրախացեք և աջակցեք: Երեխան, ստանալով աջակցություն, աստիճանաբար կբացվի ու առավել խորը շփում կհաստատի ձեզ հետ: Հիշեք, որ այսպիսի փոքրիկը տանը հանգիստ մթնոլորտի, ջերմության, գովասանքի կարիք ունի: Փորձեք նրա համար դառնալ մտերիմ մարդ, ում կարող է վստահել։ Անվստահ մելանխոլիկի համար դժվար է մուտք գործել նոր շրջապատ, այնպես որ օգնեք նրան ծանոթանալ մարդկանց հետ։ Օգնեք, սակայն ոչ մի դեպքում ճնշում մի՛ գործադրեք։ Սովորեցրեք նրան ելք գտնել կոնֆլիկտային իրավիճակներից, պաշտպանել անձնական կարծիքը։ Կազմակերպեք խաղ, որտեղ մելանխոլիկը կլինի իր խառնվածքին մոտ խառնվածքով երկու կամ երեք երեխայի հետ։ Կարող եք կազմակերպել մնջախաղ կամ թատերական խաղ, որտեղ կենդանիներին կմարմնավորեն։
Թարգմանությունը կատարելիս օգտվել ենք vospitaj.com և umnazia.ru կայքերից