Ինչպե՞ս ապահովել երեխայի կենտրոնացումը․ հինգ հետաքրքիր խաղ

3-6տարեկան

Փոքրիկները սովորաբար ակտիվ են, անհամբեր և հեշտությամբ չեն կենտրոնանում գործողության կամ առարկայի վրա, որն այդքան հետաքրքիր ու բազմազան չէ իրենց համար: Այնուամենայնիվ, նրանք կարող են իդեալական կերպով իրականացնել տրված կարճ հրահանգները, երբ քայլերը հստակ բացատրվում են: Կատարելով իրեն տրված խաղային առաջադրանքը՝ բալիկն ուշադրությունը սևեռում է դետալների վրա, և ակամայից հարթվում է ուղի՝ ապահովելու կենտրոնացման զարգացումը:

Խաղ 1․ Ուրախ զանգ

Այս խաղի համար անհրաժեշտ է վերցնել զանգ կամ սուլիչ: Փոքրիկին խնդրում եք փակել աչքերը, որից հետո սենյակի որևէ հատվածում թափահարում եք զանգը: Եթե ընտրել եք սուլիչ, թեթև սուլում եք և հետևում բալիկի արձագանքին: Աչքերը փակ վիճակում նա պետք է փորձի որոշել ձայնի ուղղությունն ու ձեռքով ցույց տա: Երեխան կարող է ճիշտ չգուշակել, սակայն այսպիսի վարժանքները կօգնեն նրան կտրվել արտաքին մյուս գործոններից և կենտրոնանալ կոնկրետ ձայնի վրա:

 

Խաղ 2․ Ունկնդրում

Ծնողը կարդում է համառոտ բանաստեղծություն, հեքիաթից որևէ հատված: Նախապես ասում է երեխային, որպեսզի նա ուշադիր լինի ու «որսա» բառերը, որոնք սկսվում են «ի» տառով: Կարելի է ընտրել ցանկացած այլ տառ: Ունկնդրումն ավարտելուց հետո երեխան պետք է ասի մայրիկին տվյալ տառով սկսվող բառերը:

 

Խաղ 3․ Լռություն

Երեխայի առջև դրվում է ավազե ժամանացույց: Դրա փոխարեն հնարավոր է վերցնել սովորական ժամացույց նույնպես: Խաղ-վարժության կանոնի համաձայն՝ պահվում է 2-3 րոպե ժամանակահատված: Բալիկն այդ ընթացքում պետք է պարզապես նայի թափվող ավազին, շարժվող սլաքին: Ժամանակի լրանալու մասին երեխային տեղեկացնում ենք ու ասում, որ նա կարող է արդեն ուրիշ բանի մասին մտածել:

  

Խաղ 4․ Նմանակը

Մի քանի զույգ միանման խաղալիքներ, իրեր են դրվում բալիկի առջև։ Կարելի է շարել երկու գդալ, երկու խորանարդ, երկու փայտե քանոն: Խառնում ենք ու առաջարկում երեխային առանձնացնել միանման առարկաները: Տարիքին համապատասխան բարդացնում ենք խաղը՝ ավելացնելով առարկաների թիվը:

  

Խաղ 5․ Ծափ

Թվարկում ենք զանազան բառեր: Փոքրիկի առաջադրանքն է ծափ տալ, երբ լսում է կենդանու անվանում կամ ժպտալ, երբ թվարկվողների մեջ ֆիքսում է «արև» բառը: