Պե՞տք են արդյոք արգելքները երեխային

3-6տարեկան

Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը:

 

«Ես արգելում եմ քեզ խոսել նրա հետ», «Չես գնալու նրանց տուն», «Չես մասնակցի  կազմակերպված խնջույքին»․ ծնողն, ասելով սա իր երեխային, կարծում է՝ կկարողանա լիովին իր ձեռքը վերցնել իրավիճակն ու վերահսկել բալիկի գործողությունները: Վստահորեն բարձրաձայնել սեփական ասելիքը և ուղղակի անցնել առաջ պետք չէ: Նախքան արտահայտվելն անհրաժեշտ է մտածել, որ այս ու նմանատիպ  այլ արգելքները կարող են կոշտ դիմադրություն առաջացնել փոքրիկի մոտ՝ շատ հաճախ տալով հակառակ էֆեկտը: Իհարկե, հարկավոր է գնահատել տրվող արգելքի ադեկվատվության աստիճանը նույնպես, վերջիվերջո արգելքները կարող են լինել նաև անարդարացի, չափազանցված:

Երեխայի հանդեպ կիրառվող չափազանցված արգելքները պայմանավորված են լինում մեծահասակի տագնապայնությամբ, ինչի դեպքում ծնողն իր մտքում «հորինում» է անհավանական բացասական պատմություններ բալիկի շուրջ, որոնցից պաշտպանելու համար էլ գնում է սահմանափակումների: Այդպիսի իրավիճակը կարող է ունենալ զարգացման երկու սցենար: Առաջինի պարագայում երեխան հնազանդվում է ծնողներին, ձուլվում, լուռ տանում բոլոր խոսքերը, սակայն  չարտահայտած անհամաձայնությունն ու զայրութը հետագայում ընդունում են հոգեմարմնային դրսևորում: Երկրորդի դեպքում երեխան կարող է գնալ բացահայտ կոնֆլիկտի, որի արդյունքում ծնող-երեխա փոխհարաբերությունները կտուժեն, երեխան իրեն հետաքրքրող, սակայն ծնողի կողմից արգելվածը կանի գաղտնի: Բնականաբար, սա չի նշանակում, որ երեխային պետք է լիովին ազատություն տալ: Տվյալ  ծայրահեղ մոտեցումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ուստի բալիկին տրված որոշակի ազատության կողքին պետք է լինեն ծնողի հեղինակությունը, ընկերությունը: Երեխան պետք է իմանա, որ ցանկացած արարք կամ միտք ծնողի կողմից քննադատության չի արժանանալու, այլ հասկացվելու է և ուղղորդվելու:

Երբ «արգելք» բառը փոխարինում ենք «Արի միասին հասկանանք», «Դու կարող ես դա ընտրել, բայց դիտարկե՞լ ես մյուս տարբերակը», «Ի՞նչ է տալիս քեզ այդ մարդու հետ շփումը», «Ես հարգում եմ քո որոշումը, միայն թե խնդրում եմ հարցին նաև իմ առաջարկած տեսանկյունից նայել» մանիպուլյատիվ, սակայն կառուցողական արտահայտություններով, երեխային ոչ թե հեռացնում ենք մեզնից, այլ գնում ենք իր հետ համագործակցության ճանապարհով: