Ճանաչողական գործընթացն անհնար է առանց ուշադրությունը կենտրոնացնելու կարողության: Երեխաների համար հատկապես կարևոր է դասի բովանդակության և ուսուցման պրոցեսի մեջ լիարժեք խորասուզվելը, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի ու բերի դրական արդյունքներ:
Շատ ծնողներ ասում են, որ երեխան ունի վատ հիշողություն, այնինչ չեն կասկածում, որ կաղում է ուշադրությունը։ Այդ երկու գործառույթներն անքակտելիորեն կապված են, և չի կարող լինել լավ հիշողություն առանց մարզված ուշադրության:
Նկատի ունենանք, որ գոյություն ունի ուշադրության երեք տեսակ՝ ոչ կամածին, կամածին և հետկամածին: Ոչ կամածին ուշադրությունն ինքնին առաջանում է բալիկի կյանքի սկզբնական փուլում: Օրինակ՝ երեխան վառ գույնի խաղալիք տեսնելիս ակամա գլուխը թեքում է դեպի այն, նրա ուշադրությունն ինքնաբերաբար կենտրոնանում է նոր առարկայի վրա։ Կամածին ուշադրությունն ակտիվորեն զարգանում է դպրոց գնալուն մոտ տարիքում (6-7 տարեկան) ու շարունակում կատարելագործվել տարեցտարի։ Այն դրսևորվում է, երբ անձն իր առաջ խնդիր է դնում և մշակում դրա իրականացման ծրագիրը, ջանքեր գործադրում։ Հետկամածին տեսակը նման է կամածինին․ կա ուշադրության առարկայի գիտակցված ընտրություն, բայց չկա կամածին ուշադրությանը բնորոշ լարվածություն, երեխան հաճույքով է աշխատում, ոչ թե մտածում՝ պետք է կենտրոնանամ հիմա, որ կարողանամ անել սա։ Այսքանից հասկանալի է դառնում, որ սովորելու համար փոքրիկին անհրաժեշտ է կամածին ուշադրության զարգացումը, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ դասի թեմայի, խնդիրը լուծելու, ուսուցչի կողմից նոր դասի բացատրությունը լսելու վրա։
«Հիշիր և լրացրու կետերը» խաղային տեխնիկան կարող է հիանալիորեն օգնել այդ հարցում։ Խաղի միջոցով հնարավոր է լինում հասկանալ, թե որքանով է երեխան կարողանում կենտրոնանալ առաջադրանքի վրա, ու, միևնույն ժամանակ, խթանել ավելի երկար կենտրոնացումը:
Ի՞նչ է անհրաժեշտ անել
Խաղի անցկացման համար հակավոր է, նախ, կազմել 8 աղյուսակ: Դրանցից յուրաքանչյուրը պատրաստվում է առանձին թղթի կամ ստվարաթղթի վրա, բաղկացած է լինում 16 քառակուսուց (տես նկարում): Վերցնում եք առաջին աղյուսակն ու նրա ցանկացած երկու քառակուսու մեջ նկարում մեկական կետ: Օրինակ՝ մի կետը դնում եք վերևի շարքի երրորդ քառակուսու մեջ, մյուսը՝ վերջին տողի չորրորդ քառակուսու: Ապա վերցնում եք երկրորդ աղյուսակը և կրկին տարբեր վայրերի բաշխմամբ դնում արդեն երեք կետ, քանակը մեկով ավելացնում եք: Տվյալ սկզբունքով ամեն հաջորդի համար թիվն ավելացնում եք մեկով: Վերջին՝ ութերորդ աղյուսակը պետք է ունենա 9 կետ:
Սա ավարտելուց հետո կազմում եք ևս ութ դատարկ քարտ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած կլինի կրկին 16 քառակուսուց, սակայն չեք լրացնում:
Գործի է անցնում երեխան
Խաղը սկսելուց առաջ պետք է անպայման մանրամասն բացատրել երեխային առաջադրանքը, որպեսզի նա հասկանա՝ ինչ է ակնկալում իրենից ծնողը։ Այնուհետ հարկավոր է նրա առաջ շարել վերջում կազմված ութ դատարկ քարտերը, մատիտ կամ մարկեր:
Դուք պետք է երկու վայրկյանով ցույց տաք փոքրիկին առաջին՝ ընդամենը երկու կետ պարունակող քարտը և արագ ծածկեք: Երեխան նայելուց հետո պետք է մտապահի՝ կոնկրետ որտեղ էին դրված կետերն ու ճշգրտությամբ ավելացնի դրանք իր մոտ եղած դատարկ քարտի վրա: Դրա համար նրան տրվում է 15 վայրկյան։ Նույն սահմանափակ ժամանակահատվածները պահպանելով շարունակում եք խաղը: Ցույց եք տալիս երկրորդ քարտը, որը պարունակում է երեք կետ, փակում եք, որից հետո փոքրիկն իր մյուս աղյուսակն է լրացնում: Քարտերը ցույց եք տալիս կետերի աճման քանակին համապատասխան: Այդպես շարունակում եք մինչև վերջ: Պարզ է, որ ինչքան կետերը շատանան, այնքան ավելի բարդ կդառնա կետերի հստակ տեղադիրքը հիշելը: Սակայն հենց դա է, որ մարզում է երեխայի ուշադրությունը, իսկ խաղը ժամանակ առ ժամանակ կրկնելն այն ամրապնդում է ու նպաստում նաև հիշողության լավացմանը: