Գիշերամիզություն․ ինչի՞ց է առաջանում և ինչպե՞ս բուժվում

3-6տարեկան

Քնելուց առաջ երեխայի հագուստն ու անկողինը չոր էին, իսկ առավոտյան երկուսն էլ մայրիկը հայտնաբերում է թաց վիճակում: Ծնողների մտահոգությունը նման դեպքերում սովորաբար մեծ է լինում և ծագեցնում հարցերի շարք՝ «Ինչու՞ է այսպես ստացվել», «Ինչու՞ երեխաս չի կարողանում արթնանալ ժամանակին, որպեսզի չմիզի անկողնու մեջ», «Ինչպե՞ս օգնեմ փոքրիկիս» և այլն։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գայանե Մարգարյանը նշում է, որ միջինում մինչև հինգ տարեկանը գիշերային միզարձակումը վերահսկելու կարողությունն ամբողջովին ձևավորվում է: Եթե հինգ տարեկանին մոտ բալիկը չի կարողանում վերահսկել միզարձակման պրոցեսը ու դիտվում է կրկնվող, ակամա միզարձակություն քնի ժամանակ, ապա այդ պարագայում դրվում  է էնուրեզ ախտորոշում: «Միզապարկի ֆունկցիոնալության խանգարումը, միզապարկը կծկող մկանի դիսֆունկցիոնալությունը, գենետիկ գործոնը, քնի ու գիշերային ժամերին անտիդիուրետիկ հորմոնի արտազատման խաթարումներն այն պատճառներից են, որոնք հանգեցնում են էնուրեզին: Որոշ դեպքերում այն զարգանում է սթրեսի, հիվանդությունների` շաքարային դիաբետի, հիպերթիրեոզի, փորկապության ֆոնին ու կոչվում արդեն երկրորդային»,- ընդգծում է մասնագետը:

Նրա խոսքով՝ խնդրի ծանրության աստճանն առավել լավ հասկանալու համար կարելի է վարել ախտանշանների օրագիր՝ երկշաբաթյա ժամկետով։ Գնահատվելու են ընդունված հեղուկների քանակը, միզարձակումը և դեֆեկացիան (կղազատումը)։ Դրանից զատ պետք է կատարել մեզի ընդհանուր ու բակտերիոլոգիական քննություն, արյան ընդհանուր ու բիոքիմիական քննություն, ՈւՁՀ, ՄՌՏ և ուրոդինամիկ հետազոտություններ` ըստ անհրաժեշտության։ Բուժումը ներառում է դեղորայքային ու ոչ դեղորայքային թերապիա։ Բուժման շրջանակում փորձ է արվում կատարել միզարձակման պահի երկարաձգում ավելի երկար ինտերվալներով, երեխային արթնացնել որոշակի ժամային միջակայքով՝ միզելու համար, յոթ տարեկանից բարձր երեխաների դեպքում իրականացվում է կոնքի մկանների մարզում։ Խորհուրդ է տրվում անմիջապես քնից առաջ երեխային միզեցնել, սահմանափակել շաքարի և կոֆեինի բարձր պարունակությամբ ըմպելիքների ընդունումը հատկապես երեկոյան ժամերին, բացառել տակդիրի կիրառումը գիշերը։ Երկրորդային էնուրեզի պարագայում, ըստ ցուցման, երեխան ուղղորդվում է նեղ մասնագետի խորհրդատվության, օրինակ՝ նյարդաբանի, էնդոկրինոլոգի։

Անհրաժեշտ է չմոռանալ՝ գիշերամիզությունն այն խնդիրն է, որն ընկճում է անձին ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական մակարդակում: Պայմանավորված հոգեսոմատիկ պատճառներով՝ տղաների մոտ երեք անգամ ավելի հաճախ է դիտվում, քան աղջիկների։ Տանում է դիսկոմֆորտի և շփումների դժվարացման: Այնպես որ գիշերային անմիզապահության դեպքում ընտանիքը պետք է պատրաստ լինի ընդունել խնդիրն ու ցուցաբերել համբերատարություն, անպայման աջակցել բալիկին։